Երևանում անցկացվող «Պետական պահպանվող տարածքներից այն կողմ» խորագրով «Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026»-ի շրջանակում Իրանի Կայուն զարգացման և շրջակա միջավայրի կենտրոնի ավագ իրավախորհրդատու, բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպան Հանիե Մողանին անդրադարձել է արցախահայության բռնի տեղահանությանը՝ ընդգծելով նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
«Մեր տեսանկյունից՝ նրանք տվյալ տարածքի բնիկ ժողովուրդն են։ Նրանց իրենց հայրենի տարածքներից տեղահանելը հակասում է բնիկ ժողովուրդների հիմնարար իրավունքներից մեկին»,- նշել է նա՝ հղում անելով ՄԱԿ-ի՝ Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագրին, որը ներառում է նաև իրենց հողերի, տարածքների և բնական ռեսուրսների նկատմամբ բնիկ ժողովուրդների իրավունքները։
Մողանին իրանցի ժողովրդի անունից անկեղծ կարեկցանք և աջակցություն է հայտնել արցախահայությանը՝ ընդգծելով նաև կենսաբազմազանության պահպանության կարևորությունը։ Նրա խոսքով՝ էկոհամակարգերի հարստության և կենսաբազմազանության կորուստը վտանգում է ոչ միայն բնությունը, այլև բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների կենսապայմանները։
Իրավապաշտպանը կարևորել է միջազգային բնապահպանական միջոցառումների, այդ թվում՝ COP17-ի շրջանակում ընդունվող որոշումները՝ շեշտելով, որ դրանց հետևանքներն անմիջականորեն կրում են բնիկ ժողովուրդներն ու տեղական համայնքները։
