ՀԲԸՄ նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին հասնել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Արցախի բանտարկյալների ազատ արձակմանը

  • by Editbeglari, 26 Օգոստոսի, 2024 in Լուրեր
218 դիտում

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ բանտարկյալների և, մասնավորապես, Արցախի Հանրապետության նախկին ղեկավարության ազատ արձակմանը հասնելու կոչով։

ՀԲԸՄ-ի կայքում հրապարակած իր նամակում կազմակերպության ղեկավարը հիշեցրել է Էնթոնի Բլինքենին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր իսկ կոչը՝ պահպանել միջազգային և մարդու իրավունքների իր պարտավորությունները և հնարավորինս շուտ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն կալանավորվածներին՝ Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովից առաջ:

«Ես խոսում եմ ՀԲԸՄ-ի բազմաթիվ և բազմազան անդամների անունից ամբողջ աշխարհում, բայց հատկապես ԱՄՆ-ում, երբ ասում եմ, որ մենք ավելի ու ավելի ենք անհանգստանում, որ ձեր խոսքերն ուշադրության չեն արժանացել և շարունակելու են անտեսվել:

Կարևոր է նշել, որ մենք որևէ լուր չենք լսել հայ բանտարկյալների մոտալուտ ազատ արձակման մասին, այդ թվում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կառավարության նախկին ութ անդամների, որոնք ձերբակալվել են, երբ անցած սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հարձակումից հետո փորձել են ավելի քան 120․000 հայերի հետ միասին լքել երկիրը։ Մեկ օրում ձերբակալվել են հանրապետության երեք նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև այլ նախկին պաշտոնյաներ՝ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Եվ սա բացի նախկին պետնախարար, ՀԲԸՄ վարչության նախկին անդամ, ինչպես նաև Հայաստանի և միջազգային մարդասիրական նպատակների համար շատ բան արած առաջատար բարերար Ռուբեն Վարդանյանից»,- իր նամակում ընդգծել է Պերճ Սեդրակյանը։

Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը միանում է նախագահ Պերճ Սեդրակյանի՝ բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակման մոտեցումներին։