Հրանտ Դինք․ Ինչո՞ւ այնտեղ, որտեղ լրագրողներին սովորաբար դատում են, որոշեցին սպանել

  • by Editbeglari, 04 Մարտի, 2026 in Լուրեր
137 դիտում

https://www.instagram.com/reel/DVVgTuACkFC/?igsh=MXc3eGJudWs4cjJndA==

Այն երկրում, որտեղ անհնազանդ լրագրողներին սովոր են դատել «ազգին վիրավորելու» մասին 301-րդ հոդվածով, նրան կարող էին պարզապես դատարան քաշել։ Նրա թերթը՝ Agos, կարող էին փակել։ Նրան կարող էին լռեցնել տուգանքներով ու դատավճիռներով։

Բայց Հրանտ Դինքին չդատեցին։ Նրան սպանեցին։

Երեք կրակոց մեջքին՝ ու լռեցվեց մի ձայն, որը չափազանց բարձր էր դարձել։

Ինչո՞ւ։

Պաշտոնապես խոսքը գնում էր 301-րդ հոդվածի, «ազգը վիրավորելու» մեղադրանքների մասին։ Սակայն շատերի համոզմամբ՝ դա միայն վերին շերտն էր։ Քեմալական շրջանակները Դինքին դիտում էին որպես գոյաբանական սպառնալիք։ Նա խոսում էր հիշողության, ճշմարտության, համակեցության մասին այն ժամանակ, երբ համակարգը կառուցված էր լռության վրա։

Պատմաբան Ալի Քարդուղիի գնահատմամբ՝ Դինքը բարձրացավ «էշաֆոտ», որովհետև դարձավ չափազանց ազդեցիկ իրավապաշտպան լիբերալ բարեփոխումների դարաշրջանում։ Նա համարձակվեց ասել այն, ինչ շատերը վախենում էին նույնիսկ մտածել։

Բայց կար մի պատմություն, որը Թուրքական ռեժիմը չկարողացավ ներել։

Դինքը բացահայտեց մի փաստ, որը հարվածեց ազգային առասպելի հենց սրտին։ Խոսքը վերաբերում էր Սաբիհա Գյոքչենին՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգիր դստերը, ազգային խորհրդանիշին, առաջին կին օդաչուին:

Դինքի հրապարակած նյութերի համաձայն՝ ազգային հպարտության կերպարը կարող էր լինել հայ որբ՝ ծնողներին կորցրած զանգվածային կոտորածների տարիներին։
Պետական հաղթանակի խորհրդանիշը՝  հայ  ժողովրդի զավակ, որի ոչնչացումը կազմակերպել էր  կայսրությունը։

Գտնվել էին Սաբիհա Գյոքչենի ծագման իրական ակունքները, անգամ հայտնի էր դարձել նրա իսկական անուն-ազգանունը:

Նա հայուհի Խաթուն Սեբիլջյանն էր:Երբ Սեբիլջյանների ընտանիքը աքսորվում է, Սաբիհա Գյոքչենը հայտնվում է թուրքական որբանոցներից մեկում: Նրա քույրը հասնում է Խորհրդային Հայաստան, իսկ եղբորն աքսորի ճանապարհը տանում է Լիբանան:

Տասնամյակներ հետո ընտանիքի կորած ճյուղերը գտնում են իրար, բայց գաղտնի: 2004-ին Սաբիհա Գյոքչենի հարազատ քրոջ՝ Երևանում բնակվող աղջիկը բացահայտում է այդ գաղտնիքը, որ թուրքական խորհրդանիշը՝ Աթաթուրքի դուստրն իրականում Սաբիհա Գյոքչենը չէ, այլ իր մորաքույր Խաթուն Սեբիլջյանը:

Պատմության դաժան հեգնանքով՝ 1938 թվականին Գյոքչենը մասնակցեց Դերսիմի գործողություններին՝ ճնշելով քրդական ապստամբությունը։ Զոհը վերածվեց համակարգի գործիքի։

Դինքը այդ ճշմարտությունը դուրս բերեց հրապարակ։
Եվ շատերի համոզմամբ՝ հենց այդ ճշմարտության համար նա վճարեց իր կյանքով։Երեք կրակոց մեջքին․․․