Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի թարմացված զեկույցը՝ շրջափակման վեց ամսվա տվյալներով

  • by Western Armenia, 13 Հունիսի, 2023 in Քաղաքականություն
64 դիտում

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 12-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Բաքվի իշխանությունների կողմից Արցախի վեց ամսվա (182-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին:

Ստորև ներկայացվում են զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝

  • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Բերձորի ճանապարհ) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 198 անգամ (445,900-ի փոխարեն՝ 2246 մուտք և ելք),
  • Ճանապարհով գրեթե 58 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (167,440-ի փոխարեն՝ 2,867 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից),
  • Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (72,800 տոննայի փոխարեն՝ 5574 տոննա),
  • Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1400 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից,
  • Բաքվի իշխանությունը հանրագումարային 117 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը,
  • Արդեն 154 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը շարունակում է հանգեցնել հովհարային և վթարային անջատումների,
  • Փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000 մարդ,
  • Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 346 մլն ԱՄՆ դոլարի վնաս,
  • Մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ, 20,000 տարեց, 60,000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15,000 տեղահանված անձ:

Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ:

https://armenpress.am/arm/news/1113078.html