Հուլիսի 6-ին Թյուրքական երկրների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովն առանց նախագահ Էրդողանի ներկայության ընդունել է այսպես կոչված «Ղարաբաղյան» հռչակագիրը։
Այն, սակայն, սկսած իր զավեշտախառն նախաբանից, պարունակում է պատմական անցյալի իրողությունների խեղաթյուրման և ներկայի զարգացումների միակողմանի գնահատման և արժևորման ակներև տարրեր։ Այս մասին ահազանգում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը։
Թյուրքական երկրները համերաշխ են «Բաքվի կառավարությանն ու ժողովրդին՝ օկուպացիայից ազատված հողերը վերակառուցելու և վերականգնելու, ներառյալ լայնածավալ ականազերծման և մարդասիրական ականազերծման ջանքերում, ինչը պայմաններ կստեղծի հարյուր հազարավոր ադրբեջանցի նախկին հարկադիր վերաբնակների վերադարձի համար»։
Համերաշխության նման լայն ասպեկտներով հռչակագիրը ստորագրած բոլոր պետություններն իրենց ժողովուրդների անունից համերաշխություն են հայտնում պատմության ընթացքում Շուշիի հայության բազմակի էթնիկ զտմանը՝ 1920 թ․, 1989 թ․, 2020 թ․։
Միությունը շեշտում է՝ «Բաքվի նախկին հարկադիր վերաբնակների վերադարձի» մասին անհանգստություն ցուցաբերելիս ինչո՞ւ են թյուրքական երկրների ղեկավարները մոռանում ընդամենը ամիսներ առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, որի հետևանքով և ի շարունակություն 2020 թ․ պատերազմի Արցախի մոտ 120 հազար հայությունը վերածվեց փախստականի՝ կրելով վերադարձի իրավունքի իրացման միջազգային իրավունքի ընձեռած ամբողջական հնարավորությունը, սակայն բախվելով Բաքվի ժխտողականությանը։
Թվում է, թե Բաքվի վարչակարգը չէր նույն այդ թյուրքական երկրների անվերապահ աջակցությամբ 10-ամիս շարունակ Լաչինի միջանցքի շրջափակմամբ հումանիտար աղետ ստեղծել Արցախում՝ սովամահության ելքերով և առհասարակ մարդու իրավունքների համակարգային ոտնահարումներով, որ ինչպես 1988-1994 թթ․, 2016 թ․ քառօրյա, 2020 թ․ 44-օրյա, 2023 թ․ սեպտեմբերյան պատերազմների ժամանակ թիրախավորել է խաղաղ քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։
Սակայն վերոնշյալ «հումանիտար խնդիրներով մտահոգ» ադրբեջանական վարչակարգը միայն պատերազմական իրավիճակներում չէ, որ սովոր է թիրախավորել քաղաքացիական բնակչությանը։ Հիշեցնում են՝ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի ջարդերն ու կոտորածները, հայկական և հայաբնակ գյուղերի ավերումներն ու պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի համակարգային հայաթափումը վկայությունն են այն բանի, որ Բաքուն արդեն մեկ դարից ավելի է անավարտ պատերազմի մեջ է հայության հետ՝ որպես հավաքական երևույթ։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն քննադատում է Բաքվի նախաձեռնությամբ նման «հռչակագրային» սպառնալիքների ձևավորումը, որը հիշեցնում է անցյալ դարում իր ձախողումն ապրած պանթյուրքիզմի գաղափարախոսությունը։ Իսկ հռչակագրի կողմ հանդիսացող երկրներին կոչ են անում մասնակից չդառնալ Բաքվի արկածախնդրությանը և իրենց գործողություններում հենվել միջազգային իրավունքի օրինական նորմերի և սկզբունքների վրա։
