Բաքուն մի երկիր է, որը չի հարգում մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը: Այդ երկիրը 100 միավորից ընդամենը 7 ողորմելի միավոր ունի Freedom House կազմակերպության կողմից։ Իր հոդվածում այսպես է արտահայտվել ՄԱԿ-ի «Գլոբալ կոմպակտ» պայմանագրի նախկին փոխնախագահ Փոլ Փոլմանը։ Հոդվածը հրապարակվել է բրիտանական Еxpress պարբերականում։
Նա նշել է, որ 2003 թվականից ի վեր, երբ Իլհամ Ալիևը հորից ժառանգել է նախագահի աթոռը, այդ երկրում կոռուպցիան առավել ծաղկեց, քաղաքացիական ազատությունները ոչնչացվեցին և քաղաքական ընդդիմությունը ջախջախվեց՝ չթողնելով ազատ արտահայտման կամ քաղաքացիական ակտիվության որևէ հնարավորություն:
«Լրագրողները ենթարկվում են հետապնդման, շանտաժի և կաշառելու փորձերի. եթե դիմադրում են, ապա հայտնվում են բանտում։ Նրանք, ովքեր լքում են երկիրը, նրանց ընտանիքներն են ենթարկվում հալածանքների»,- գրել է հոդվածում:
Շարունակում է՝ տասը ամիս տևած լիակատար շրջափակումից հետո, ինչի հետևանքով տեղի բնակչությանը զրկված էր սննդից, վառելիքից և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներից, Բաքուն ստիպել է ավելի քան 100 հազար հայերի լքել իրենց տները: Շատերն այն անվանել են ցեղասպանություն:
Ընդգծում է, որ Բաքվի սանձազերծած ագրեսիայից ընդամենը մեկ տարի անց՝ այս տարվա նոյեմբերին, այդ երկիրը պատրաստվում է իր մայրաքաղաքում հյուրընկալելու Կլիմայի փոփոխությանը նվիրված ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովը: Այն, որ Բաքուն ընտրվել է որպես հյուրընկալող քաղաք, ըստ Փոլ Փոլմանի, արդեն իսկ խիստ վիճելի է, քանի որ այդ երկրի ՀՆԱ-ի գրեթե կեսը և արտահանման եկամտի 90 տոկոսը ձևավորվում է նավթի և գազի արդյունահանումից: Շետշում է, որ երկրի նախագահը որևէ լուրջ շահագրգռվածություն չունի կլիմայի փոփոխության դեմ պայքարի կամ արտանետումների կրճատման հարցերում:
«Այդ երկրի կառավարության ներկայացուցիչները պնդում են, թե ցանկանում են, որ այս գագաթնաժողովը լինի «Խաղաղության գագաթնաժողով»։ Եվ սա այն դեպքում, երբ դեռ մեկ տարի էլ չկա, ինչ ներխուժել են հարևան երկիր և դեռ չեն հասել արդար խաղաղության համաձայնագրի ընդունմանը և ոչ էլ իրական մտադրություն են ցուցաբերել այդ ուղղությամբ շարժվելու համար»,- նշված է հոդվածում։
Նրա խոսքով՝ աշխարհում ավելի ու ավելի շատ կառավարություններ են իրենց զայրույթն արտահայտում Բաքվի պահվածքի վերաբերյալ։ Նա հույո ունի, որ Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարար Դեվիդ Լեմմին ևս իր ձայնը կավելացնի այս ավելացող «ձայներին»՝ հաշվի առնելով մարդու իրավունքների հանդեպ իր հանձնառությունը:
Վերջում Փոլ Փոլմանն ընդգծում է, որ ՄԱԿ-ը պետք է Բաքվից պահանջի ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին մինչև COP29 գագաթնաժողովը, ինչպես նաև վերանայի ապագա հյուրընկալ երկրների ընտրության կարգը։
