Արեւելյան Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը։ Այս մասին օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը։
Նա նշել էր, որ նախկինում բազմիցս հղում է կատարել այդ բաժնում հրապարակված պաշտոնական ձևակերպումներին՝ իր ակադեմիական հետազոտությունների, այդ թվում՝ 2025 թվականին Routledge հրատարակչության լույս ընծայած Small States, Russia and the West գրքի վրա աշխատելիս։ Աբրահամյանի կարծիքով՝ նյութերը պետք է արխիվացվեին, այլ ոչ թե հեռացվեին՝ զրկելով հանրությանը Արեւելյան Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերից։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մտահոգություն էր հայտնել՝ նշելով, որ տարիներ առաջ կանխատեսել էր Ապրիլյան պատերազմի մասին նյութերի անհետացման վտանգը, իսկ այժմ, իր գնահատմամբ, խնդիրը վերաբերում է Արցախի պատմության շատ ավելի մեծ հատվածի։
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղի ունեցածը կապել է Արցախի անվան և պատմական հիշողության վերացմանն ուղղված գործընթացների հետ։ 168.am-ի հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ Արեւելյան Հայաստանի իշխանությունների գործողությունները կարող են կապված լինել Ադրբեջանի պահանջների հետ։ Նա նաև նշել է, որ Արցախի ներկայացուցչության կառույցների նկատմամբ ճնշումները և Արցախի դրոշի հեռացման դեպքերը մտահոգիչ են։
Հակոբյանի խոսքով՝ վտանգված են նաև Արցախի փրկված մշակութային արժեքներն ու պատմական արխիվները։ Դրանց պահպանման համար անհրաժեշտ են համապատասխան տարածքներ, համակարգված աշխատանք և պատասխանատու կառույցների ներգրավվածություն։ Նա ընդգծել է, որ ներկայումս հստակ տեղեկություններ չկան անգամ Արցախի Հանրային հեռուստաընկերության արխիվի ամբողջականության և պահպանման վիճակի մասին։
Արցախի պատմական ժառանգության պահպանման հարցը շարունակում է մնալ հրատապ։ Պաշտոնական փաստաթղթերի, պատմական նյութերի և մշակութային արժեքների համակարգված արխիվացումն անհրաժեշտ է ոչ միայն անցյալի ուսումնասիրության, այլև պատմական հիշողության պահպանման համար։
