Միջազգային մեխանիզմները բավարար չեն, քանի դեռ Արեւելյան Հայաստանը տեր չի կանգնում արցախցիների իրավունքներին. Արտակ Բեգլարյան

  • by WesternArmenia, 30 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
193 դիտում

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար միջազգային կառույցներին դիմելն ու իրավական մեխանիզմների կիրառումը կարևոր են, սակայն բավարար չեն, եթե այդ հարցում Արեւելյան  Հայաստանը հետևողական պետական դիրքորոշում չի որդեգրում։ Այս մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ «Միջազգային հանձնառություններն ու ազգային օրակարգը COP17-ի համատեքստում» քննարկման ժամանակ։

Բեգլարյանի խոսքով՝ տարբեր երկրներում դիվանագետների հետ հանդիպումների ընթացքում բարձրացվել են արցախցիների վերադարձի իրավունքի, մշակութային ժառանգության պահպանության և իրավունքների խախտումների հարցերը։ Սակայն միջազգային գործընկերները հաճախ հղում են անում Արեւելյան Հայաստանի կառավարության դիրքորոշմանը՝ նշելով, որ համագործակցում են Արեւելյան Հայսատանի  իշխանությունների հետ և հաշվի են առնում նրանց մոտեցումները։ Նա նաև ընդգծել է, որ պատշաճ ուշադրության չեն արժանանում նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։

Արտակ Բեգլարյանը կարծում է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է շարունակի բարձրաձայնել Արցախի ժողովրդի խնդիրները և օգտագործի միջազգային բոլոր հասանելի մեխանիզմները։ Սակայն այդ ջանքերը չեն կարող ապահովել ռազմավարական արդյունք, քանի դեռ Հայաստանը պետական մակարդակով հետևողականորեն չի ստանձնում արցախցիների իրավունքների պաշտպանության պատասխանատվությունը։