ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ

  • by Editbeglari, 02 Մարտի, 2026 in Լուրեր
178 դիտում

Իրանի «Truth Promise 4» գործողությունը․ Մերձավոր Արևելքում պայթյուններ և խոցումներ

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է։ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Իրանը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի կողմից մեկնարկած «Truth Promise 4» օպերացիայի շրջանակում։

Հարվածների տակ են հայտնվել միանգամից մի քանի շրջաններ՝

Դուբայ Իսրայել, Բահրեյն,Քուվեյթ,Արաբական Միացյալ Էմիրություններ

Սաուդյան Արաբիա և Իրաք։

Իրանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրթիռներ և անօդաչու սարքեր են ուղղվել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների և «անվտանգության կենտրոնների» ուղղությամբ։ Թիրախների թվում են եղել նաև ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբը Բահրեյնում և Կատարում գտնվող ռազմաբազաները։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի քաղաքների վրա արձակված բոլոր հրթիռները չեն որսացվել հակաօդային պաշտպանության կողմից:

Դուբայում հզոր պայթյուն է լսվել արհեստական Palm Jumeirah կղզու շրջանում։ Տեղական աղբյուրների համաձայն՝ առնվազն չորս մարդ վիրավորվել է։

Քաթարում իրանական հրթիռը խոցվել է ամերիկյան արտադրության Patriot համակարգի միջոցով։ Ազդանշաններ են  հնչել ԱՄՆ-ի ալ-Ուդեյդ ռազմաբազայի մերձակայքում։

Բահրեյնում ծուխ և տարհանումներ, պայթյուններ են գրանցվել Ջուֆեյր շրջանում, որտեղ տեղակայված է ԱՄՆ 5-րդ նավատորմը։ Ականատեսները հայտնել են ծխի սյուների մասին։ ԱՄՆ դեսպանատները Մանամայում և Դոհայում հայտարարել են աշխատակիցների և քաղաքացիների ժամանակավոր մեկուսացման մասին։

Իրանի հայտարարությունները, հրթիռային հարվածների երկու ալիքները և միաժամանակ տարբեր երկրներում արձանագրված պայթյունները խորացնում են լայնամասշտաբ պատերազմի վտանգը։

Մինչ կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքները, ամբողջ տարածաշրջանը գտնվում է բարձրագույն մարտական պատրաստվածության վիճակում։ Միջազգային շուկաներում արդեն արձանագրվում է լարվածություն, իսկ փորձագետները չեն բացառում նավթի գների կտրուկ աճ։

Մերձավոր Արևելքը հերթական անգամ կանգնած է անորոշ և պայթյունավտանգ շրջափուլի առաջ։