Միջին Արեւելքում պատերազմը սրվում է

  • by Editbeglari, 13 Մարտի, 2026 in Լուրեր
235 դիտում

Միջին Արեւելքում իրավիճակը շարունակում է կտրուկ սրվել․ ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողությունների 14-րդ օրը Իսրայելի ռեժիմը  նոր հզոր ավիահարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանին։ Քաղաքի տարբեր հատվածներում պայթյուններից հետո օդը պատվել է խիտ ծխով։

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր առաջին հայտարարության մեջ զգուշացրել է, որ հարձակումները Իսրայելի և տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ կշարունակվեն, եթե Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ռազմաբազաները չփակվեն։

Միևնույն ժամանակ Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին, ինչը լուրջ հարված է հասցրել համաշխարհային էներգետիկ շուկային։ Նեղուցը Պարսից ծոցը կապում է բաց ծովին և հանդիսանում է նավթի ու գազի արտահանման հիմնական ուղին։ Արդյունքում Brent տեսակի նավթի գինը անցել է 100 դոլարը մեկ բարելի դիմաց։

Պատերազմը տարածվել է նաև Պարսից ծոցի երկրներում։ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել այն երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական ուժեր։ Բահրեյնը հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր որսացել է ավելի քան 114 հրթիռ և 190 անօդաչու սարք, իսկ Սաուդյան Արաբիան հայտարարել է իր օդային տարածքում մի շարք դրոնների խոցման մասին։ Հարվածներ են արձանագրվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում՝ այդ թվում Դուբայի միջազգային օդանավակայանի շրջանում։

Միաժամանակ աճում է քաղաքական ճնշումը ԱՄՆ-ում։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատերազմը զարգանում է «շատ արագ», սակայն ավելի քան 250 ամերիկյան կազմակերպություն կոչ է արել Կոնգրեսին դադարեցնել պատերազմի ֆինանսավորումը՝ նշելով, որ առաջին վեց օրում արդեն ծախսվել է ավելի քան 11 միլիարդ դոլար։

Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Լիբանանում և Իրաքում։ Իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է առնվազն 687 մարդ, որոնց թվում՝ 98 երեխա, իսկ շուրջ 700-750 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը։

Տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել, իսկ միջազգային վերլուծաբանները զգուշացնում են, որ հակամարտությունը կարող է վերածվել ավելի լայն տարածաշրջանային պատերազմի։