Մի’ անտեսեք արցախցիների իրավունքները. Նամակներ` դեսպանատներին

  • by WesternArmenia, 21 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
137 դիտում

«Կենսաբազմազանության պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները նամակներ են հղել Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին՝ կոչ անելով միջազգային քննարկումներում բարձրացնել Արցախի բռնի տեղահանված հայության իրավունքների հարցը։

Նախաձեռնության անդամները նամակները փոխանցելու նպատակով այցելել են մի շարք դեսպանատներ՝ հորդորելով աջակցել արցախահայության՝ պատմական հայրենիք անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի իրավունքին, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությանը։

Դիմումներում ընդգծվել են նաև Արցախի բնական պաշարների, անտառների, ջրային ռեսուրսների և կենսաբազմազանության պաշտպանության, շրջակա միջավայրին հասցված վնասների անկախ գնահատման ու միջազգային իրավունքի խախտումների քննության անհրաժեշտությունը։ Նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են արել միջազգային հանրությանը՝ գործնական քայլեր ձեռնարկել Արցախի հայ բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ COP17-ի շրջանակում բնիկ ժողովուրդների իրավունքների և կենսաբազմազանության պահպանության մասին քննարկումները չեն կարող անտեսել Արցախի հայության բռնի տեղահանության հետևանքները և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը։