Շոշ գյուղում Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը և Արգամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը

  • by WesternArmenia, 13 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
149 դիտում

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի հրապարակած տվյալների համաձայն՝ արբանյակային լուսանկարների համեմատական ուսումնասիրությամբ արձանագրվել են Արցախի մի շարք բնակավայրերում հայկական հուշարձանների ոչնչացման դեպքեր։

Մասնավորապես, 2024 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում Ասկերանի շրջանի Շոշ գյուղում ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը և Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը։

Հրապարակման մեջ ներկայացվում են նաև Շուշիում, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, Ազոխում, Բերձորում, Ստեփանակերտում, Աստղաշենում և Այգեստանում հայկական հուշարձանների ու հուշահամալիրների ոչնչացման դեպքեր։ Ըստ ներկայացված տվյալների՝ վնասվել կամ վերացվել են ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ Հայոց ցեղասպանության և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողներ։

Այս հուշարձանները ոչ միայն պատմական իրադարձությունների հիշատակն են հավերժացնում, այլև հայկական բնակավայրերի պատմության, ազգային ինքնության և համայնքային հիշողության նյութական վկայություններն են։

Հովիկ Ավանեսովն ընդգծում է արբանյակային մշտադիտարկման, փաստերի հետևողական փաստագրման և միջազգային կառույցների ուշադրությունը խնդրին հրավիրելու անհրաժեշտությունը։ Հուշարձանների պահպանության հարցը կարևոր է ոչ միայն մշակութային արժեքների պաշտպանության, այլև պատմական հիշողության ապագա սերունդներին փոխանցման տեսանկյունից։