Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը ՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին

  • by Western Armenia, 16 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
30 դիտում

Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատը մայիսի 14-ին միաձայն (ձայների՝ 74 կողմ՝ 74 ներկա պատգամավորներից) հավանություն է տվել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թեմային: 

Նշվում է, որ այս նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին, ուստի, եթե Գործադիրի կողմից որևէ դիտարկում չլինի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին։

Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է՝ «Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության հիշատակի օր»՝ ռադիոյի և բաց հեռուստատեսության տեսալսողական բովանդակության հեռարձակման, բաժանորդների համար՝ հեռուստատեսության սեփական ազդանշաններով և հեռուստատեսային ծառայություններով։

Նախագիծը ներկայացրել են խորհրդարանականներ Նազմի Կամարգոն, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Խուան Մարտին Ռոդրիգեսը  և Միկաելա Մելգարը:

Պատգամավորներ Պեդրո Ջիսդոնյանը, Կառլոս Վարելան, Ռաֆայել Մենենդեսը, Իվան Պոսադան, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Ֆելիպե Ալգորտան, Ուգո Կամարան, Ուբալդո Այտան և Խուան Մարտին Ռոդրիգեսը մասնակցել են խորհրդարանական բանավեճին՝ հօգուտ նախագծի։

Իրենց ելույթների ընթացքում նրանցից մի քանիսը դատապարտել են այն ձևը, որով Թուրքիայի ժխտողականությունը և նրա անպատժելիությունը խթանել են Բաքվի հանցագործությունները Հայաստանի և Արցախի բնակիչների նկատմամբ վերջին տարիներին՝ ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:

Ըստ աղբյուրի՝ երկու պալատների կողմից հաստատված նախագիծը սկսվել է Ավետարանական եկեղեցու դոկտոր Գուստավո Վանեսկահյանի նախաձեռնությամբ, որը հրապարակային դառնալուց հետո ստացել է հայ համայնքի տարբեր հաստատությունների  աջակցությունը:

Ուրուգվայի Սենատորների պալատը մայիսի 7-ին միաձայն կողմ է քվեարկել ՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը ՝ «Հայերի դեմ իրականացված ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության թեմային: