Պատմական թշնամին չի փոխվում

  • by Western Armenia, 11 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
35 դիտում

Ապրիլի 10-ին «Մարաղա․ շարունակվող ցեղասպանություն. չընդհատվող պայքար» խորագրով քննարկման ժամանակ, Արցախի՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասել է, որ  այսօր էլ չի վերացել  վտանգը, եթե հետեւեք, ապա կտեսնեք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ ցեղասպանագիտությամբ զբաղվող կենտրոններն,  անընդհատ ահազանգում են՝ Հայաստանում  հայ ժողովրդին սպառնացող ցեղասպանության մասին։

«Եվ պետք է  առնվազն,  չգիտեմ՝ ինչ աստիճանի պարզամիտ լինել, որ այս ամեն ինչը չտեսնել, եւ խոսել՝ եկեք հրաժարվենք պատմական Հայաստան ասվածից եւ խոսենք իրական Հայաստանի մասին։ Լավ, դու խոսեցիր իրական Հայաստանի մասին, բայց քո պատմական թշնամին չի փոխվում։ Այսինքն՝ յաթաղանը ձեռքին եկել քեզ սպանում է, եւ դու խոսում ես չգիտեմ ինչերի մասին, խոսում ես հարեւանության մասին։ Եվ այս վտանգը չի վերանալու․ այդ ֆոնին իրական պատմություն կա, թե ինչպես կարելի է այդ վտանգը չեզոքացնել, եւ այդ իրական պատմությունը՝ Պաշտանության բանակն էր, այսինքն՝ Զինված ուժերն են, որը տալիս է այդ հնարավորությունը՝ ինքդ քեզ պաշտպանելու եւ չթողնելու, որ կրկնվի ցեղասպանության շղթան»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ այս ամենից հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի եւ որպես ազգ՝ խելքը գլուխը հավաքի՝ հասկանալով, որ ցեղասպանության վտանգը եւ սպառնալիքը՝ լինի դա Մարաղա, Սումգայիթ, Բաքու, Շուշի, թե ամբողջ Արցախը, չի դադարելու, եթե դու քո ազգային նպատակները դնում ես մի կողմ եւ սկսում ես խոսել մի լեզվով, որով տարածաշրջանում որեւէ մեկը չի խոսում։

Ըստ Ստեփանայանի՝ թշնամու ձեռագիրը չի փոխվել․ «Ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտի փողոցում, Արցախում հազվադեպ   մնացած մարդկանցից մեկին ծաղրում էին ուղղակի, խոսքը տարեց մարդու մասին է։ Այսինքն՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանաք, մարդկանց ուղեղը մտնի, որ այլ տարբերակ, քան սեփական ուժերով պատասխանատվության ենթարկելը,  չկա՝ օգտագործելով միջազգային ատյանները։ Սա է այն ճանապարհը, որը կարող է կանխել այս չընդհատվող ցեղասպանությունների շղթան»։