Պատմության դասեր ՌԴ նախագահից. Պուտինը հիշեցրեց Ուկրաինայի անցյալը

  • by Western Armenia, 23 Փետրվարի, 2022 in Հասարակություն
229 դիտում

Ուկրաինան Ռուսաստանի համար պարզապես հարևան երկիր չէ, այլ նրա պատմության մի մասը, ընկերն ու բարեկամը։ Այսօր ՌԴ քաղաքացիներին ուղղված իր հեռուստուղերձում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ներկայացնելով Ուկրաինական խնդրի ծագման պատմական ընթացքը։

«Ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է Կոմունիստական Ռուսաստանի կողմից։ Լենինն ու նրա համախոհները ստեղծեցին ժամանակակից Ուկրաինան՝ տարածքներ պոկելով Ռուսաստանից։ Ոչ ոք բնակիչներին ոչինչ չհարցրեց։ Բոլշևիկները Դոնբասը բառացիորեն մտցրին Ուկրաինայի մեջ»,– ասաց Պուտինը։

Նրա խոսքով` ԽՍՀՄ–ը ստեղծելիս բոլշևիկները բավարարում էին ազգայնականների ցանկացած «ցանկություն»՝ ամեն գնով իշխանության գալու համար։ «Ուկրաինան այսօր իրավամբ կարելի է անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա», նա է դրա հեղինակն ու ճարտարապետը»,– ասաց Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը նշեց, որ չնայած Ռուսաստանի հանդեպ կատարված պատմական անարդարություններին, խաբեությանն ու թալանին, Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո ճանաչել ու օգնել է ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանն ամբողջությամբ մարել է Ուկրաինայի պարտքերը, սակայն Կիևը հրաժարվել է կատարել գույքի վերադարձի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Ուկրաինան սկսել է գործընկերությունը վերածել կախվածության, ավելին, Կիևն օգտագործել է Ռուսաստանի հետ երկխոսությունը` որպես Արևմուտքի հետ սակարկության առարկա և առաջին իսկ քայլերից սկսել իր պետականությունը կառուցել հակասությունների վրա։ Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիներին Ռոստովի մարզ ժամանակավոր տարհանման մասին՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին այն վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։ Ինչպես հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս զինվորականներին կարգադրել է Դոնբասում հարձակման անցնել: Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել:

Արևմուտքից շարունակում են հայտարարություններ հնչել այն մասին, թե իբր Ռուսաստանը սադրանքներ է պատրաստում Ուկրաինայում, չնայած զորավարժություններից հետո ռուսական զորքերը վերադարձել են մշտական տեղակայման վայրեր։ Փետրվարի 14–ին ՌԴ նախագահը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ ՌԴ պաշտպանության նախարարը Պուտինի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, որ «զորավարժությունների մի մասը մոտենում է ավարտին, մի մասն էլ կավարտվի մոտ ժամանակներս»: ՌԴ Հարավային և Արևմտյան ռազմական շրջանները սկսել են զորքերի վերադարձը տեղակայման վայրեր։

Այս կոնտեքստում հիշեցնենք, որ 1917թ․ դեկտեմբերի 6-ին Ֆինլանդիան ստացավ անկախություն, իսկ 1917 թ. դեկտեմբերի 29-ին ընդունվել է Թուրքահայաստանի մասին» դեկրետը որով Խորհրդային Ռուսաստանը հայտարարում է, որ պաշտպանում է Ռուսաստանի կողմից օկուպացված «Թուրքահայաստանի» հայերի ազատ ինքնորոշման իրավունքը` ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն: Այս փաստաթղթով առաջին անգամ դրվում էր ամբողջ Արեւմտյան Հայաստանին անկախություն տալու հարցը: