Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում գտնվում է տուտսիների ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը, որը բացվել է 2004 թվականին։ Այգիներում հանգչում են ցեղասպանության 250,000 տուտսի զոհերի մարմինները, որոնց անունները փորագրված են մարմարե քարի վրա: Շենքի ներսում էքսկուրսիա այցելուն անում է երկրի պատմության խորը տեսողական և աուդիո փաստաթղթերի միջոցով: Ցուցափեղկերում ցուցադրված են ոսկորներ, գանգեր, առարկաներ, զոհերի նահատակությունը խորհրդանշող հագուստ, զենքեր և ցեղասպանության խելագարությունը մարմնավորող կարգախոսներ։ Ֆրանսիական Le Point պարբերակը գրում է, որ բացատրական սենյակը նվիրված է 20-րդ դարի սկզբից ի վեր տեղի ունեցած այլ ցեղասպանություններին։ Սկսվում է ՝ 1904 թվականին գերմանացիների կողմից Նամիբիայի հերերոսների և նամաների ցեղասպանությունից: Հետո գալիս է Հոլոքոստը, այնուհետև Կամբոջայում Կարմիր քմերների կողմից իրականացված կոտորածները, 1995 թվականին բոսնիացի սերբերի կողմից Սրեբրենիցայի ցեղասպանությունը, իսկ վերջերս՝ ԻԼԻՊ-ի ջիհադականների կողմից Իրաքի եզդիների ջարդերը:
1894-1923 թվականի Հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին, սակայն, ոչ մի հետք չկա։ Նշվում է, որ սկզբում Հայերի ցեղասպանությանը նվիրված պատ է եղել, սակայն հետագայում այն հեռացվել է։ Ռուանդայի քաղաքականությունից տեղյակ աղբյուրի կարծիքով՝ բացատրությունը քաղաքական է։ Նշվում է, որ Կիգալին տեղի է տվել Թուրքիայի ճնշմանը։ «Թուրքիան Փոլ Կագամեի կառավարությանն առաջարկել է ստանձնել Ռուանդայի խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, որոնք լքել են չինացիները»,- ասել է աղբյուրը։ Նա հավելել է, որ դրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն ունեցել է մեկ պայման, և այն հաստատվել է Ռուանդայի քաղաքական շրջանակներում՝ հեռացնել 1894-1923 թվականի Հայերի ցեղասպանության հիշատակումը թանգարանից»։
