Սա տարածքային ամբողջականության հարց չէ․ վտանգված է հայ ժողովրդի՝ իրենց հողում ապրելու իրավունքը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

  • by Western Armenia, 22 Սեպտեմբերի, 2023 in Քաղաքականություն
52 դիտում

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց` Ֆրանսիան հրատապ նիստ է հրավիրել` հաշվի առնելով իրավիճակի լրջությունը: «Մի քանի շաբաթ մեծածավալ զորք և ռազմական տեխնիկա կուտակելուց հետո Բաքուն  որոշեց մեծամասշտաբ գործողություններ նախաձեռնել, որոնք իրականացվում էին մեծ մասշտաբով և հետևանքներ առաջացնում քաղաքացիական բնակչության համար, գործողություն, որ ոչ ոք չի կարող հավատալ, որ կանխամտածված չի եղել: Ֆրանսիան անմիջապես և կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը, մենք միակ երկիրը չենք, մի շարք երկրներ ևս ժխտում են այս վարքը` կոչ անելով Բաքվին  զսպվածություն ցուցաբերել: Այս գործողության հետևանքը հատկապես ծանր եղավ, այստեղ մարդիկ են զոհվել, քաղաքացիական անձինք, այդ թվում`երեխաներ»,- ասաց նա: Կոլոննան նշեց` հրադադարը, որ հայտարարեվեց երեկ, կենսական կարևորություն ուներ, կարևոր է այն պահպանել: Նա ընդգծեց` Բաքվի տարածքային ամբողջականությունը չէ, որ հարցի տակ է դրվում, վտանգված է Արցախում ապրող հայ ժողովրդի` իրենց իրավունքներով ու պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը, բայց այդ հնարավորությունը չկա, եթե ուժեղ կողմը թույլի նկատմամբ դիտավորյալ ուժ է գործադրում: «Արցախն  որքան ժամանակ է շրջափակման մեջ է, ինչը թույլ չի տալիս բնակչությանը ստանալ սնունդ, դեղորայք և էլեկտրաէներգիա: Ֆրանսիան ի գիտություն է ընդունում նախագահ Ալիևի երեկվա հայտարարությունը, որով նա ասում է, որ ցանկանում է խաղաղության մեջ ապրել Արցախի հայերի հետ և պահպանել նրանց իրավունքները։ Այդ բառերը Բաքվի  հանձնառությունն են, նրանք պատասխանատվություն են կրում բնակչության ճակատագրի համար: Եթե նա ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ, բարեխղճորեն քննարկումներ ծավալել, որ չի գործադրի ուժ կամ ուժի սպառնալիք․․․ Եվ պարտավոր է ապահովել համաներում այն զինվորականների, ուժերի նկատմամբ, որ ընդունել են հրադադարը, պարտավոր է արագ և առանց ձգձգման ապահովել Բերձորի  միջանցքով երթևեկությունը։ Բաքուն  պարտավոր է ընդունել միջազգային մարդասիրական ներկայությունը  Արցախում, որը կենսական է, քանի որ մոտենում է ձմեռը։ Առանց այս երաշխիքների չի լինի լուծում»