Սոթքի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակը ևս մեկ հետևանք է 44-օրյա պատերազմից հետո ձևավորված նոր իրողությունների։ Դեռ խորհրդային տարիներից Հայաստանի կողմից շահագործվող հսկայական հանքավայրի մի մասը պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ հանքավայրի մեկ այլ հատված հայտնվել է չեզոք գոտում։
Այժմ Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ ադրբեջանական ընկերությունն այդ տարածքում արդեն իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները։ Ըստ ադրբեջանական կողմի՝ 2025 թվականի օգոստոսից հանքավայրում իրականացվել են հետախուզական և գնահատման աշխատանքներ, որոնց արդյունքում մնացորդային ոսկու պաշարները գնահատվել են շուրջ 1,03 միլիոն ունցիա։
Այսպիսով, նախկինում Հայաստանի կողմից տասնամյակներ շարունակ շահագործված Սոթքի հանքավայրի մի հատվածն այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, և այնտեղ արդեն սկսվել են ոսկու արդյունահանման նախապատրաստական աշխատանքներ։
