Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հայտարարեց, որ Հայաստանի սահմաններին Վարդենիսում և Ջերմուկում հայտնվել են նոր ադրբեջանական դիրքեր, որոնք հանրությունից թաքցվել են։
Թաթոյանը ներկայացրեց արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ դիրքերը տեղադրվել են 2025 թվականի օգոստոսի 19-ից հետո։ Վարդենիսում նոր դիրքերը պարունակում են նռնականետերի, ականանետերի և հրաձգային հատուկ կետերի համար նախատեսված տեղեր, ինչպես նաև ուղիղ թիրախավորում ունեն Սոթքի հանքավայրի ու Կութ գյուղի վրա։
«Ադրբեջանական դիրքերը ոչ միայն վտանգում են մեր զինվորների կյանքը, այլև ուղիղ վերահսկողության տակ են պահում հայկական բնակավայրերը», – ընդգծեց Թաթոյանը՝ նշելով, որ դիրքերը ամրապնդված են՝ կոմունիկացիաներով և անգամ արևային պանելներով։
Նա նաև հայտնեց, որ նման դիրքային փոփոխություններ կան Ջերմուկում, որտեղ ադրբեջանցիները կառուցել են ականանետային դասակների համար նախատեսված նոր դիրքեր։ Թաթոյանը շեշտեց, որ սա նպատակաուղղված քայլ է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ազդեցություն ունենալու համար։
