Վտանգը, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

  • by Editbeglari, 23 Հուլիսի, 2024 in Լուրեր
252 դիտում

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված է։  Այս ամենն թվային հաշվարկով ամբողջացրել է «Փաստերի ստուգման հարթակը»։

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցան շուրջ 2000 մշակութային կոթողներ և հուշարձաններ՝ վանքեր ու եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, դամբարաններ, գերեզմանոցներ ու սրբավայրեր: Դրանց թվում էին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ):

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրը 2022 թվականին հրապարակել է վերլուծություն, ըստ որի՝ Արցախում հոգևոր-մշակութային հուշարձանների ընդհանուր թիվը անցնում է 4000-ը, որի 10 տոկոսը՝ նախաքրիստոնեական, մոտ 1․5 տոկոսը` մահմեդական, մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են և թվագրվում են 4­-19­-րդ դարերով:

2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքով Արցախը ամբողջությամբ հայաթափվեց, իսկ երեք ամիս անց «Կովկասյան ժառանգության պաշտպանության» կազմակերպությունը հրապարակեց Արցախում մշակութային ժառանգության վիճակի մասին վեցերորդ մշտադիտարկման հավետվությունը: 

Փաստաթղթում հիշատակվում է 44 հոգևոր-մշակութային հուշարձանների մասին, որոնցից 8-ը ավերված են, 12-ը՝ վնասված, 24-ին վտանգ է սպառնում։  

2024 թվականի հունիսին «Կովկասյան ժառանգության պաշտպանություն» կազմակերպությունը հրապարակեց Արցախում մշակութային ժառանգության թվով յոթերորդ մշտադիտարկման արդյուքները։

Ընդամենը 6 ամսվա ընթացքում ավերված մշակութային կոթողների թիվը հասել է 14-ի, վնասված կոթողները 12-ն են, իսկ վտանգի տակ գտնվող հուշարձանների թիվը հասնում է 31-ի։