Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողները տարբեր երկրների արխիվների ուսումնասիրության աշխատանքներ են կատարում

  • by Western Armenia, 11 Ապրիլի, 2024 in Քաղաքականություն
42 դիտում

Վերջին ամիսներին գիտահետազոտական աշխատանքներն առավել ակտիվացնելու ուղղությամբ  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է տարբեր երկրների մեծ ու փոքր արխիվների ուսումնասիրության աշխատանքներ: 

Հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներ Ռեգինա Գալուստյանը, Աննա Կազարյանը, Շուշան Խաչատրյանը 2023 թ. դեկտեմբեր, ապա՝ 2024 թ. մարտ ամիսներին (Ռեգինա Գալուստյանը և Աննա Կազարյանը) գործուղվել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, ուսումնասիրել Թբիլիսիի Ազգային արխիվում և Վրաստանի Ազգային պառլամենտական գրադարանում պահվող՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո հայ փախստականների և որբերի՝ Կովկասում տեղաբաշխման, հումանիտար կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև Կովկասի փոխարքայության՝ արտաքին քաղաքականության՝ հայերին վերաբերող փաստաթղթերը, և Բաքվում 1914-1918 թթ. լույս տեսած ռուսալեզու թերթերը, որոնց օրինակները չկան  Արևելյան Հայաստանում, և որոնցում կարող էր Հայերի ցեղասպանության որևէ դրվագի անդրադարձ լինել:

 2024 թ. մարտ ամսին, Հայերի դեմ իրականացրած ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Նարեկ Պողոսյանը գործուղվել է Նյու Յորք, ուսումնասիրել Նյու Յորքի հանրային գրադարանի՝ Մանհեթենում գտնվող գլխավոր մասնաճյուղում պահվող իրավաբան, «genocide» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի արխիվային հավաքածուն։ ՀՑԹԻ գիտաշխատողն առանձնացրել է այն նյութերը, որոնք արժեքավոր են իրավաբանի վրա՝ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության ունեցած ազդեցության ու ընդհանրապես ցեղասպանագիտական հետազոտությունների իրականացման տեսանկյունից։ Գործուղման շրջանակներում, Պողոսյանն այցելել է՝ Նյու Յորքում գտնվող Հրեական պատմության կենտրոն և «Կոլումբիա» համալսարանի՝ Հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարան, որտեղ ևս ուսումնասիրել է Ռաֆայել Լեմկինի հավաքածուները:

Այս գործուղումների արդյունքում առանձնացված նյութերը սկզբնաղբյուրային նշանակություն ունեն՝ Հայերի դեմ իրականացված  ցեղասպանության պատմության տարբեր դրվագների ուսումնասիրությունների համար, դրանք ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից կմշակվեն և գիտական հրապարակումների միջոցով կներկայացվեն հանրության լայն շրջանակներին: