ֆրանսիական Le Figaro թերթը, հղում անելով Օրենքի եւ արդարատադության Եվրոպական կենտրոնի (ECLJ) արբանյակային պատկերների հիման վրա կատարված զեկույցին, ներկայացրել է Արցախի քարտեզից ջնջված եկեղեցիները։
Ոչնչացված եկեղեցիների թվում է Հադրութի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը կառուցվել է XVIII դարում և ավերվել՝ 2022-ին։ Տարածքը մաքրվել է նոր շինության կառուցման համար:
2024 թվականի ապրիլի 4-ին Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը վնասվել էր 2020 թվականին Բաքվի ռմբակոծությունների հետևանքով, նույնպես քանդվել է: Կառուցված լինելով 1847 թվականին, այս եկեղցին, որը հայտնի է նաեւ որպես «Կանաչ Ժամ», ամբողջությամբ ջնջվել է քարտեզից, ինչպես տեղեկացնում է Caucasus Heritage Watch ոչ կառավարական կազմակերպությունը՝ հիմնվելով Կոռնել համալսարանի (ԱՄՆ) տրամադրած լուսանկարների վրա։
Ոչնչացման մեկ այլ ձև է եկեղեցիների փոխարինումը մահմեդական պաշտամունքի վայրերով: Բերձորի Համբարձման եկեղեցին, որը Բաքվի հուշարձանների պահպանության հասարակական կազմակերպությունն առաջարկել էր մզկիթի վերածել 2022-ին, ենթադրաբար, այդ նպատակով քանդվել է, իսկ տարածքը մաքրվել։
Որոշ եկեղեցիներ հատուկ զրկվել են իրենց քրիստոնեական խորհրդանիշներից։ Դատելով ադրբեջանական սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարներից, Շուշիի մայր տաճարի դարպասներից, գմբեթներից և խաչից հրեշտակներն են հանվել:
13-րդ դարում կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցում Բաքվի կառավարությունը «վերանորոգման աշխատանքների» պատրվակով ոչնչացրել է կրոնական խորհրդանիշները: Սրբատաշ քարից պատրաստված երկու պատմական սալերը, որոնք զարդարված էին քրիստոնեական արվեստի գործերով եւ միջնադարյան հայկական արձանագրություններով կոտրվել են, հաղորդում է Օրենքի եւ արդարատադության Եվրոպական կենտրոնը (ECLJ):
Ըստ տեղական աղբյուրների՝ 2019 թվականին կառուցված և օծված Սուրբ Հովհաննես Աստվածածին եկեղեցին նույնպես վանդալիզմի է ենթարկվել Բաքվի կողմից: Հեռացվել է նաև Տիգրանակերտի Վանքասար եկեղեցուց վեր խոյացող խաչը, որը թվագրվում է 7-րդ դարին։
