Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսն անդրադարձել է Հին քաղաքի հայկական թաղամասում իրավիճակին

  • by Editbeglari, 10 Հունվարի, 2024 in Քաղաքականություն
239 դիտում

Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսն անդրադարձել է Հին քաղաքի հայկական թաղամասում իրավիճակին, խստորեն դատապարտել ծայրահեղական խմբավորումների կողմից հայ համայնքի դեմ հարձակումները եւ Իսրայելի իշխանություններին կոչ արել կանխել բռնության գործողությունները:

«Ֆրանսիան հաստատում է Հին քաղաքի հայկական համայնքին իր համերաշխությունը եւ մեծ ուշադրությամբ հետեւում է իրավիճակին»- Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի հայտարարությունը մեծ արձագանք է գտել Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցներում։ Բաքվի իշխանություններին ծառայող լրատվականը «տարակուսանք է» հայտնել, թե ինչու՞ Փարիզը երբեք իսրայելական իշխանություններին բողոք չի ներկայացնում, երբ «հրեա վերաբնակիչները պարբերաբար հարձակվում են Ալ-Աքսա մզկիթի վրա, պահանջում նրա տեղում սինագոգ կառուցել»: 

Այսպիսի հոդվածով, արտաքին փաթեթավորմամբ այն քարոզչակաղապարի մեջ է, որ Եվրամիության եւ հատկապես Ֆրանսիայի դեմ շատ հաճախ գործածում է Անկարայի ղեկավար Էրդողանը՝ Եվրոպան «երկակի ստանդներ է կիրառում, տառապում է թուրքատյացությամբ եւ իսլամաֆոբիայով»: 

Վերջին շրջանում Բաքուն նման մեղադրանքներ ներկայացնում է առանձնապես Ֆրանսիային, անձամբ նախագահ Մակրոնին, նրան վերագրում «կողմնակալ, բացառապես հայամետ դիրքորոշում»: Այդ պատճառաբանությամբ անցյալ տարեվերջին Ալիեւը հրաժարվեց մասնակցել Գրանադայում նախատեսված քառակողմ հանդիպմանը: 1in.am-ի լրագրող ՝ Վահրամ Աթանեսյանը թեմայի շուրջ գրել է․

«Երուսաղեմում ադրբեջանական ներկայացուցչությունը, Իսրայելի քաղաքական եւ բիզնես վերնախավի հետ աֆիլացված խմբավորումները, որ պաշտոնապես գործում են իսրայելա-ադրբեջանական բարեկամության մի շարք կառույցների անվան տակ դիտարկե՞լ են հայ-իսրայելական հարաբերությունների բարեկարգման հեռանկար կամ գոնե հնարավորություն: Ամենեւին էլ պատահական չէ, որ «Կովերի պարտեզի» շուրջ իրավիճակի գնահատման հարցում ալիեւյան քարոզչամիջոցն ընդգծել է, որ, ի տարբերություն Ֆրանսիայի, Միացյալ Նահանգները Երուսաղեմի հայ համայնքին միանշանակ աջակցություն չի հայտնում:

Ի վերջո, Մերձավոր Արեւելքում հայկական ներկայության, Երուսաղեմի պատրիարքարանի եւ հայ համայնքի իրավունքներին միջազգային աջակցությունը Բաքուն գնահատում է  Արցախի ապագայի կտրվածքով: Կհաջողվի՞ յուրացնել Արցախի հոգեւոր ինքնությունը՝ հարցը վերջնականապես կփակվի: Բաքուն, այսպիսով, Երուսաղեմի «Կովերի պարտեզում արածում է» Արցախի, մեծ հաշվով՝ Կովկասում հայ քաղաքական ինքնության խնդիրը»: