ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ղեկավարը Բլինքենին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակարգին Արցախում էթնիկ զտումների համար

  • by Western Armenia, 06 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
69 դիտում

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել  Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Արցախում իրականացրած էթնիկ զտումների համար և շարունակել ԱՄՆ-ի աջակցությունը  Արցախից բռնի տեղահանված հայերին։ Այս մասին հաղորդում են մի շարք լրատվականներ ՝ վկայակոչելով սենատորի նամակը Էնթոնի Բլինքենին։

«Ես շարունակում եմ խորապես մտահոգված մնալ, որ Բաքուն կարող է հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել՝ լրացուցիչ քաղաքական ձեռքբերումների հասնելու համար, հատկապես՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի առումով։ Ես հորդորում եմ Ձեզ շարունակել աշխատել միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ՝ աջակցելու Ալիևի վարչակարգի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուն (խմբ.՝ գործընթացին)», – գրել է սենատոր Քարդինը Բլինքենին ուղղված նամակում։

Սենատորը նաև հիշեցրել է Բաքվի կողմից Արցախի շրջափակման, այնուհետև սեպտեմբերի 19-ի հարձակման, հայերի սպանությունների և բնակչության բռնի տեղահանության մասին։ Բացի այդ, նամակում նշվում է ադրբեջանական ուժերի կողմից հայերի արտադատական սպանությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային սեփականությունը ոչնչացնելու լավ փաստագրված գործելակերպի և հայկական պատմությունն ու մշակույթը ջնջելու փորձերի մասին։

Սենատորը հարց է ուղղում ԱՄՆ պետքարտուղարին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կամ ձեռնարկվելու «Ալիևի վարչակարգի կողմից հնարավոր պատերազմական հանցագործությունների և այլ վայրագությունների» իրականացման, ադրբեջանցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու, համապատասխան միջազգային ատյանների առաջ նրանց կանգնեցնելու և 2023 թ. սեպտեմբերի հարձակման հետևանքով բռնի տեղահանված հայերին աջակցելու ուղղությամբ։

«Մենք պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են գործել անպատիժ», – եզրափակել է սենատորը։