ԱՄՆ Սենատում ներկայացվել է Բաքվի իշխանությունների կողմից Բերձորի ճանապարհի շրջափակումը դատապարտող բանաձև  

  • by Western Armenia, 12 Հունիսի, 2023 in Քաղաքականություն
63 դիտում

Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ սենատոր Ալեքս Փադիլլան և Ֆլորիդայից նրա հանրապետական գործընկեր Մարկո Ռուբիոն ԱՄՆ Սենատ են ներկայացրել երկկուսակցական բանաձև, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին ուժեղացնել ճնշումն Բաքվի իշխանությունների նկատմամբ` Բերձորի ճանապարհի արգելափակումը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Թվիթերյան գրառմամբ Փադիլլան նշել է. «Բաքվի իշխանության կողմից Արցախի շրջափակումը ավելի քան 100 հազար հայերի զրկել է առաջին անհրաժեշտության ապրանքներից։ Անմարդկային է և անընդունելի: Ահա թե ինչու ես հենց նոր ներկայացրեցի երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է այս շրջափակումը և կոչ անում Միացյալ Նահանգներին անհապաղ քայլեր ձեռնարկել»:

Սենատոր Մարկո Ռուբիոն ևս թվիթերյան գրառմամբ անդրադարձել է բանաձևին. «Հպարտ եմ միանալ սենատոր Ալեքս Փադելլային՝ երկկուսակցական բանաձև ներկայացնելու հարցում, որը դատապարտում է Բաքվի կողմից Բերձորի ճանապարհի արգելափակումը։ ԱՄՆ-ը պետք է օգնի վերջ դնել այս հումանիտար ճգնաժամին»:

Օրենսդրական նախաձեռնությունը, մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Բերձորի շրջափակման և հայերի իրավունքների խախտումների մեջ պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ինչպես նաև հորդորում է Բայդենի վարչակազմին դադարեցնել ամեն տեսակի ռազմական օգնությունը Բաքվի իշխանություններին՝ ամբողջապես կիրառելով 907-րդ բանաձևով նախատեսված դրույթները: