Արցախի հարցը կառավարության ծրագրում՝ սոցիալական խնդրի մակարդակում

  • by Editbeglari, 20 Օգոստոսի, 2026 in Լուրեր
105 դիտում

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ թեկնածու Դավիթ Անանյանը քննադատել է ՀՀ կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը՝ պնդելով, որ դրանում Արցախի հարցը քաղաքական, անվտանգային և միջազգային-իրավական օրակարգից իջեցվում է հիմնականում սոցիալական բնակապահովման խնդրի մակարդակի։

Անանյանի գնահատմամբ՝ ծրագրում «Արցախ» բառը չի հիշատակվում, իսկ արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի, սեփականության, մշակութային ժառանգության, Բաքվում պահվող հայերի, անհետ կորածների և միջազգային դատական գործընթացների վերաբերյալ հստակ հանձնառություններ չկան։

Նա մտահոգիչ է համարում նաև կառավարության ծրագրում Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության փոփոխության և նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ դրույթները։ Ըստ նրա՝ պետության կողմից Եկեղեցու ներքին կառավարմանը միջամտությունը կարող է առաջացնել լուրջ իրավական և հասարակական խնդիրներ։

Նրա գնահատմամբ՝ նման մոտեցումը կարող է թուլացնել Արցախի, արցախահայության իրավունքների և Հայաստանի արտաքին պահանջատիրության օրակարգը՝ միաժամանակ երկրի ներքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն տալով ազգային ինստիտուտների վերաձևավորմանը։