Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմում ուշադրություն է դարձնում տեղանունների «խնդրին».Վարդան Ոսկանյան

  • by Western Armenia, 09 Հունիսի, 2023 in Քաղաքականություն
222 դիտում

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. 

«Որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմում լրջագույն ուշադրություն է դարձնում տեղանունների «խնդրին»։

Այդ «տեղանվանական պատերազմը» միտված է կասկածի տակ դնելու մեր պետության և ազգի կողմից մեր իսկ հայրենիքի անխտիր ողջ տարածքն ինքնիշխանորեն տնօրինելու պատմական և քաղաքական լեգիտիմությունը՝ այդպիսով դուռ բացելով բոլորովին անհայտ և հորինովի «Արևմտյան Ադրբեջանի» քողի ներքո Հայաստանի նկատմամբ բարբարոսսկան ծավալապաշտությունը «հիմնավորելու» համար։

Ամենաակնառու օրինակներից մեկը կից խտապատկերում է, որը Բաքվի քարոզչամեքենայի ռեսուրսներից մեկի անդրադարձն է իմ ֆեյսբուքյան վերջին գրառումներից մեկին։

Դրանում թարգմանաբար ներկայացնելով այդ գրառման բովանդակությունը, անխտիր աղճատվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի իմ նշած տեղանուներն՝ ընդհուպ մինչև այն, որ Երասխը դարձել է ինչ-որ բարբարոսական «Արազդայան», Զանգակատունը՝ ինչ-որ «Չանախչի» և այսպես շարունակ։

Սա հստակորեն ապացուցում է, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն ուղղակի ցուցում է տվել իր քարոզչամեքենայի բոլոր միավորներին համակարգված գործել հակահայկական «տեղանվանական պատերազմի» ճակատում, ուստի ևս մեկ անգամ պետք է մի կողմ դնել պատրանքները և նաև այս տիրույթում անզուգաչափ հարվածներ հասցնել թշնամուն»։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը անդրադառնալով իրանագետ պարոն Վարդան Ոսկանյանի գրառմանը, ցանկանում է հիշեցնել, որ Բաքվի իշխանությունները լկտիաբար շարունակում են իրենց հնչեցրած թեզերը կյանքի կոչել՝ հայկական տեղանունները վերանվանելով խորհրդային քարտեզներում նշված տեղանուններով, դրանով իսկ ցանկանալով ապացուցել, որ այդ տարածքները պատկանում են Բաքվի իշխանություններին: Բաքուն օրինակ է վերցնում Անկարայից:

Մենք գտնում ենք, որ պայքարը պետք է տարվի ոչ միայն տեղեկատվական դաշտում, այլ նաև քաղաքական, ինչպես արվում է Արևմտյան Հայաստանի կողմից: Ցանկացած առիթի դեպքում, ցանկացած հարթակից՝ լինի դա ՄԱԿ-ի ամբիոնը, թե մեկ այլ ամբիոն, մենք չենք դադարում կրկնել բնիկության և բնիկների իրավունքների խախտման մասին: Տեղանունները բնիկությունը հաստատող  հենասյուներից են, որով որոշվում է տվյալ տարածքում ապրող ազգի կենսաբանական տարիքը, կապված նրա մշակույթի և գենետիկայի հետ: Ուստի հուսով ենք, որ այսուհետ մեր հարգարժան գիտնական գործընկերները կկենտրոնանան այս խնդիրների առավել խորը լուսաբանման և հիմնավորման վրա և մենք սիրով կօգտվենք նրանց գիտական հիմնավորումներից: