Բաքվի իշխանությունը թիրախավորված կրակ է բացել Երասխի ուղղությամբ

  • by Western Armenia, 14 Հունիսի, 2023 in Քաղաքականություն
156 դիտում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Բաքվի իշխանության զինված ուժերը հունիսի 13-ին, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ: Հատկանշական է, Բաքուն թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել էին Բաքվի իշխանության կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին վերոնշյալ գործարանի կառուցման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը նախորդիվ արդեն հայտնել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին:  Այժմ, գնդակոծելով կառուցվող գործարանը, Բաքվի իշխանությունը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ: Ավելին՝ Բաքուն հետևողականորեն ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության հետ բոլոր ուղղություններով բանակցային գործընթացներում առաջնորդվում է միմիայն ուժի ապօրինի կիրառմամբ իր ցանկալի լուծումները Հայաստանի Հանրապետությանը պարտադրելու սկզբունքով, ինչի համար նպաստող կամ խրախուսող միջավայր է ընկալում միջազգային հանրության մեղմ արձագանքը և ամենաթողությունը»: