Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի,Արցախի հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

  • by Western Armenia, 31 Հունվարի, 2023 in Քաղաքականություն
137 դիտում

Եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Արցախի բնիկ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: Այս մասին հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ընթացքում: Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը դադարեցնի իր օժանդակությունը, այսպես կոչված, ցույցերին, որոնք խաթարում են Բերձորի միջանցքով երկու ուղղությամբ տեղաշարժը, երաշխավորի անխափան շարժը և ձեռնպահ մնա Արցախ բնական գազի և այլ հանրային ծառայությունների մատակարարումը խաթարելուց: Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում նշեց՝ «Հույս կար, որ խնդրանքում ներառված հարցերը վաղուց պետք է լուծված լինեին ՄԱԿ-ի ԱԽ-ի միջամտությամբ: Բայց Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Արցախում ապրող բնիկ հայերին «խեղդելու» հարցում»:  Կիրակոսյանը մեջբերեց նաև Ալիևի հետևյալ խոսքերը. «Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում մեր քաղաքացին դառնալ, ապա ճանապարհը բաց է, նրանք կարող են հեռանալ խաղաղապահների հովանու ներքո կամ ավտոբուսով»:

«Այլ կերպ ասած՝ բնիկ հայերը չեն կարող մուտք գործել Արցախ, բայց նրանք կարող են դուրս գալ այնտեղից: Այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն: Եվ այս դատարանը վերջին հույսն է Արցախի հայերի համար»,-ասաց Կիրակոսյանը: