Հրանտ Դինքի սպանությունից ամիսներ առաջ թուրքական իրավապահ մարմինները տեղեկություններ էին ստացել նրա դեմ նախապատրաստվող հարձակման մասին։ 2006 թվականի փետրվարին Էրհան Թունջելը ոստիկանությանը հայտնել էր, որ Յասին Հայալը մտադիր է Կոստանդնուպոլսում սպանել Հրանտ Դինքին «ցանկացած գնով»։
Փետրվարի 17-ին Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժինը պաշտոնական գրությամբ տեղեկությունը փոխանցել էր Կոստանդնուպոլսի ոստիկանությանը՝ նշելով Դինքի կյանքին սպառնացող վտանգի մասին։ Սակայն, ըստ հրապարակված փաստաթղթերի, նրա անվտանգության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել, իսկ Կոստանդնուպոլսի ոստիկանությունը գրությանը չի պատասխանել։
Այդ ժամանակ Հրանտ Դինքը գտնվում էր հասարակական և լրատվական ուժեղ ճնշման ներքո։ Նրա դեմ հրապարակվում էին թշնամական և սպառնալիք պարունակող նյութեր, մինչդեռ իրավապահներն արդեն տեղեկացված էին հնարավոր հարձակման մասին։
2006 թվականի փետրվարի 17-ին Դինքը մասնակցել էր Աքդենիզ համալսարանում կազմակերպված քննարկմանը, որտեղ քննարկվում էր մտքի ազատության հարցը։ Միջոցառմանը ներկա էին նաև նրա նկատմամբ նախկինում կոշտ դիրքորոշումներով հանդես եկած անձինք։
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Հրանտ Դինքի նկատմամբ սպառնալիքների մասին տեղեկությունները հասանելի էին իրավապահ մարմիններին դեռևս նրա սպանությունից առաջ։ Չնայած դրան՝ նրա պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկվեցին։
2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց Կոստանդնուպոլսում ՝ «Ակօս» թերթի խմբագրության առջև։
