Ո՞վ կարող է պաշտպանել Բաքվում հայերի իրավունքները, հատկապես եթե նրանք բանտում են․BBC

  • by Western Armenia, 05 Դեկտեմբերի, 2023 in Քաղաքականություն
92 դիտում

Ադրբեջանական բանտում տասնյակ հայեր կան, որոնք ձերբակալվել կամ գերեվարվել են 2020 թվականի Արցախյան  պատերազմից հետո։ Ինչո՞ւ ադրբեջանցի իրավապաշտպանները չեն պաշտպանում հայերին. Ինչի՞ց է կախված նրանց վերադարձը։ Այս եւ այլ հարցերի մենք փորձել ենք պատասխանել, գրում է BBC-ն։

Թե կոնկրետ քանի հայ կա ադրբեջանական բանտերում, հայտնի չէ։ Նրանց թվում կան զինվորականներ (ադրբեջանական լրատվամիջոցներում նրանց հաճախ ահաբեկիչներ են անվանում), քաղաքացիական անձինք, ինչպես նաև չճանաչված Արցախի Հանրապետության ղեկավարության անդամներ։ Ենթադրվում է, որ իրավիճակն ամենաբարդն է ռազմագերիների համար։ Հայ իրավապաշտպաններն ասում են, որ զինվորներից շատերը զոհվել են գերության մեջ։ Բացի այդ, Հայաստանը չի հավատում, որ Բաքվում կա ընդամենը 33 հայ զինվորական։ Հայկական տվյալներով՝ 2023 թվականի գարնան դրությամբ դրանք 100-ից ավելի են։ BBC-ի այն հարցին, թե քանի հայ է պահվում Ադրբեջանում, ոչ երկրի գլխավոր դատախազությունը, ոչ էլ արտաքին գործերի նախարարությունը չեն արձագանքել։

Հայաստանի ԱԳՆ-ն և օմբուդսմենը նույնպես չեն արձագանքել մեր խնդրանքներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր պատասխանում հրաժարվել է նշել թվերը։

Այսօր ադրբեջանական բանտերում հայ զինվորների առողջական վիճակը վերահսկվում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։ ԿԽՄԿ-ն BBC-ին ասել է, որ այս դիտարկումների արդյունքները և նրանց առաջարկությունները, իրենց սեփական ընթացակարգի համաձայն, կարող են փոխանցվել միայն կալանավորած կողմի, այսինքն Ադրբեջանի իշխանություններին: BBC-ն փորձել է զրուցել Ադրբեջանում դատված հայ զինվորների փաստաբանների հետ։ Սակայն հրապարակման պահին ինը փաստաբաններից ոչ մեկի հետ կապ հաստատել չի հաջողվել:Նիդեռլանդներում բնակվող Արիֆ և Լեյլա Յունուսները այն քիչ ադրբեջանցի իրավապաշտպաններից են, որոնք հետևում են Ադրբեջանում հայ զինվորների դատավարություններին։

Նրանց խոսքով՝ ռազմագերիների դատավարություններն ընթանում են խախտումներով։ Մասնավորապես, բանտարկյալները հնարավորություն չունեն կապ հաստատել հարազատների հետ, իսկ դատավարություններն անցնում են դռնփակ, և լրագրողները չեն կարողանում պարզել, թե ինչ է կատարվում դատարանի դահլիճում։

Միևնույն ժամանակ ԿԽՄԿ-ն պնդում է, որ պարբերաբար այցելում է հայ կալանավորներին, այդ թվում՝ նրանց ընտանիքների հետ կապ պահպանելու համար։ Նրանք կարող են հաղորդակցվել հեռախոսազանգերի, նամակների և նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով: