Սիրիական ճգնաժամը հաղթահարելուց հետո հայերը լիովին կլծվեն իրենց զույգ հայրենիքների շենացման գործին. ՀՀ նախագահ

  • by Western Armenia, 07 Մայիսի, 2018 in Ազգային Քաղաքականություն
250 դիտում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն երեկ ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են համայնքին հուզող խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջի Իբրահիմը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։ Բաց և անմիջական զրույցի ժամանակ արծարծվել են Հայաստանում սիրիահայերի ինտեգրման, կրթության, առողջապահության, ինչպես նաև տնտեսության և բիզնեսի ոլորտների հարցեր, որտեղ շատ հաճախ սիրիահայերն իրենց հմտությամբ և աշխատասիրությամբ փոխում են մթնոլորտը: Սիրիահայերը բարձր են գնահատել ճգնաժամի օրերին Հայաստանի կառավարության անփոխարինելի օգնությունը: Հանդիպման ժամանակ բարձրացվել են նաև հայ-սիրիական առևտրատնտեսական համագործակցության խթանման, Հայաստանում սիրիական ներդրումների համար առավել նպաստավոր պայմաններ ապահովելու և գործարարների տեղաշարժի դյուրացման հետ կապված որոշ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ հետագայում ևս շարունակել քննարկումները տարբեր ձևաչափերով: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամը հաղթահարելուց հետո հայերը լիովին կլծվեն իրենց զույգ հայրենիքների շենացման գործին: