Փաշինյանին կարող են դուրս մղել Լեռնային Ղարաբաղի բանակցություններից, բայց ո՞վ․․․

  • by Western Armenia, 18 Մայիսի, 2018 in Միջազգային Քաղաքականություն
264 դիտում
ԿԱՐԻՆ - Ներկայացնում ենք Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որտեղ հեղինակն անդրադարձել է արցախյան հակամարտության բանակցություններում սպասվող նոր զարգացումներին։ Հեղինակը նշում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության ֆոնին բանակցային գործընթացում կարող են արձանագրվել որոշակի տեղաշարժեր՝ հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությունից հետո։ «Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳ մամուլի խոսնակ Հիքմետ Գաջիևը, նախարարը Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցը, իհարկե, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության լույսի ներքո։ Հիշեցնենք, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին այցելեց Արցախ, որտեղ հայտարարեց, որ բանակցային գործընթացին Երևանի հետ մասնակցելու է նաև Ստեփանակերտը։ Ադրբեջանում այս հայտարարությունը գնահատեցին որպես «բանակցային գործընթացում հայկական դիրքորոշման խստացում և միակողմանիորեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ձգտում»։ Բայց Փաշինյանը, ամեն դեպքում, այս փուլում հարցն այդպես չդրեց։ Նա պարզապես հիշեցրեց, որ պետք է վերադառնալ նախկին ձևաչափին և Ստեփանակերտին ճանաչել հակամարտության կողմ։ «Բանակցային կողմ և ոչ թե պետություն» ձևաչափում դրված հարցը ամեն դեպքում կրում է ժամանակավոր, տեխնիկական բնույթ։ Հատկապես, որ համանախագահող երկրները հայտարարել են, որ «որոշակի փուլում» Ստեփանակերտի բանակցային սեղանին վերադառնալն անխուսափելի է դառնալու։ Իսկ եթե ավելի խորամուխ լինենք, ապա ինչպես օրերս հիշեցրեց 1992-1996թթ․ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, «ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է որպես Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտություն, և հենց Արցախի իշխանության ներկայացուցիչները պետք է բանակցեն Բաքվի հետ առկա խնդիրների շուրջ», և «սկզբում հենց այդպես էր, հետո Հայաստանը դուրս եկավ պաշտպանելու Ղարաբաղին»։ Եվ ավելին․ «Բանակցային գործընթացից Ղարաբաղի մեկուսացումը տեղի ունեցավ դանդաղ, Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի հետ մի շարք հանդիպումներից հետո՝ համապատասխանելով Բաքվի նախագծերին։ ԵԱՀԿ-ի անօգնական վիճակը ակնհայտ է նաև նրանում, որ նրա կառույցները, բանակցային գործընթացը պահպանելու համար, ընկրկեցին Բաքվի պնդումներին և անտեսելով հակամարտության եռակողմ առանձնահատկությունները մտան երկկողմանի կոնֆիգուրացիայի փակուղու մեջ»։ Բանակցությունները մտան փակուղի։ Այժմ Բաքուն կառուցողական քննարկումների փոխարեն հայտարարում է, որ Երևանն ասես «նոր անիրատեսական էլեմնտների ներդրման միջոցով փորձում է տապալել ողջ բանակցային գործընթացը»։ Բայց փաստացի այն առանց դրա էլ տապալված է, չնայած որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է՝ Բաքուն հավատարիմ է հիմնարար բանակցություններին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորմանը»։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել «որքան հնարավոր է շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները»։ Արդյո՞ք սա նշանակում է նախկին օրակարգին վերադարձ, թե Բաքուն պատրաստվում է ավելի կոնֆլիկտային իրավիճակի անցմանը։ Դա այդքան էլ հստակ չէ, քանի որ միաժամանակ հնչում են նաև Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հայտարարությունները հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծալու շուրջ։ Ամեն ինչ կհստակեցվի, երբ Մինսկի խմբի համանախագահները հունիսին հանդիպեն Հայաստանի նոր ղեկավարության հետ։ Բայց ահա թե ինչն է հետաքրքիր դառնում։ Սկզբնական կանխատեսումները, որ Փաշինյանի և նախկին իշխանությունների մոտեցումների տարբերությունները ղարաբաղյան հակամարտության շուրջ կարող են տապալել բանակցությունները, դեռևս չեն իրականանում։ Հայաստանի ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ Երևանը, նախ և առաջ, «հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։ Եվ երկրորդը՝ «դրա համար հարկավոր է 2016թ․՝ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչել»։ Այսինքն՝ ստացվում է, որ Երևանը շարունակում է հավատարիմ մնալ նախկին բանակցային օրակարգին, և Հայաստանի նոր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստ է մոտ ապագայում հանդիպել և բանակցել ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Ինտրիգը կայանում է նրանում, թե ով է ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքում բարձր մակարդակով ներկայացնելու Երևանը։ Դա կարող է լինել կա՛մ Նիկոլ Փաշինյանը, ով ներկայացրել է իր դիրքորոշումը, կամ նախագահ Արմեն Սարգսյանը, ում կարող են տրվել համապատասխան իրավասություններ։ Սա չի բացառում, որ կարող է բարձրացվել բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության հարցը։ Ամեն դեպքում, ամեն ինչ տանում է նրան, որ Երևանը բանակցությունների ընթացքում կարող է հրապարակային առաջարկել ինչ-որ նոր կոմպրոմիսային տարբերակներ՝ Ստեփանակերտին աստիճանաբար բանակցային դաշտ բերելու համար։ Հատկապես, Հայաստանն իր բարձրացած վարկանիշի շնորհիվ ի վիճակի է դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես գալ և ամրապնդել իր դիրքերը ղարաբաղյան ուղղությամբ։ Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա խաղի մեջ նա կարող է մտնել ավելի ուշ կամ այլ իրավիճակներում»։ Աղբյուրը՝ https://regnum.ru/news/polit/2416677.html