• by Editbeglari, 16 Հունվարի, 2024 in Քաղաքականություն
248 դիտում

Հայաստանի պաշտպանության փորձը Ֆրանսիայի Սենատում

Քաղաքագետ-լրագրող ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆը անդրադարձել է Ֆրանսիայի Սենատին։ Բադալյանը գրում է․

«Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին կքննարկի բանաձեւ, որը միտված է Արցախի հանդեպ Բաքվիի ագրեսիան դատապարտելուն, ինչպես նաեւ Հայաստանի հանդեպ հնարավոր ագրեսիա, տարածքային ամբողջության հանդեպ հնարավոր ոտնձգություն կանխելուն: Անկասկած, պետք է ողջունել եւ դրական գնահատել Ֆրանսիայի Սենատի այդ միջկուսակցական կարեւոր նախաձեռնությունը: Միեւնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները 44-օրյա պատերազմից հետո ընկած եռամյա ժամանակահատվածում երկու անգամ ընդունել են Արցախին առնչվող առանցքային բանաձեւեր:

2020-ի նոյեմբերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց բանաձեւ, որով կոչ էր անում պաշտոնական Փարիզին ճանաչել Արցախի անկախությունը, արձանագրելով 1994 թվականի հրադադարի դրությամբ սահմանները: 2022 թվականի աշնանը Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները դարձյալ ընդունեցին բանաձեւեր, ուղղված Արցախի ժողովրդի եւ իրավունքների պաշտպանությանը, սահմանելով, որ ագրեսիայի դեպքում Բաքվի  հանդեպ պետք է կիրառել պատժամիջոցներ, որ Ֆրանսիան պետք է պատժամիջոցներ կիրառելու գաղափարը առաջ մղի նաեւ Եվրամիությունում: Սակայն, Ֆրանսիայի խորհրդարանի այդ բանաձեւերը այդպես էլ մնացին «խորհրդատվական» մակարդակում, իսկ գործադիր իշխանությունը հայտարարեց, որ դրանք խորհրդարանականների նախաձեռնություններն են ու չեն արտացոլում Ֆրանսիայի կառավարության պաշտոնական քաղաքականությունը:

Անշուշտ, ասել, թե խորհրդարանական այդ նախաձեռնությունները պաշտոնական Փարիզից «անկախ» էին, թերեւս կլինի մոլորություն: Միաժամանակ կասկածից վեր է, որ դրանք պաշտոնական Փարիզի համար աշխարհաքաղաքական խաղի միջոց, գործիք, խաղաքարտ էին, այն ազդակ-նկատառումով, որ Ֆրանսիայի համար պաղից դուրս մնալու ճակկատագրական վտանգի պարագայում Փարիզը կարող է եւ դիմել այդօրինակ արմատական քայլերի: Դրանց անհրաժեշտությունը գոնե առայժմ չի առաջացել, եւ ավելին, օրինակ Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիայից մոտ 20 օր առաջ ֆրանսիական նավթագազային հսկայի՝ Տոտալ Էներջիի նախագահը Իլհամ Ալիեւի հետ քննարկում էր բազմամիլիարդ ներդրումային հարցեր: 

Ադրբեջանը սեպտեմբերի վերջին Արցախը ենթարկեց ագրեսիայի ու էթնիկ զտման, հայերի տեղահանության, բայց Ֆրանսիան այդպես էլ չի դիմել պատժամիջոցների եւ չի փորձել այդ գաղափարը առաջ տանել Եվրամիությունում, բավարարվելով միայն Արցախի հանդդեպ տեղի ունեցածը դատապարտող հայտարարություններով: Այդպիսով, նախապատմությունը վկայում է, որ Ֆրանսիայի Սենատում նոր բանաձեւի ընդունումը ամենեւին չի կարող դիտվել Հայաստանի հանդեպ ադրբեջանական հնարավոր որեւէ սադրանք կանխարգելելու գործուն մեխանիզմ: Այդ իմաստով, ֆրանսիական նույնիսկ բավականին հակասական գնահատականներ պարունակող Բաստիոն զրահամեքենաների մի քանի տասնյակը շատ ավելի առարկայական է, քան Ֆրանսիայի խորհրդարանում մի քանի տասնյակ կոշտ բանաձեւերի ընդունումը: 

 Այդ նախաձեռնությունները ողջունելի են եւ ՛խրախուսելի, եւ ի վերջո Ֆրանսիայի Սենատը բնականաբար սպասարկում է Ֆրանսիայի պետական շահն ու հետաքրքրությունը, եւ կա անգամ պարադոքս՝Արցախի հարցում Ֆրանսիայի խորհրդարանը այդ իմաստով նույնիսկ ավելի աշխույժ ու նախանձախնդիր է, քան Հայաստանի հանրապետության խորհրդարանը: Այդուհանդերձ, ֆրանսիական Սենատում հերթական բանաձեւը չպետք է դառնա Հայաստանում պատրանքի հերթական ալիք: Ավելին, թերեւս կարիք կա, որպեսզի հայ-ֆրանսիական հարաբերության առումով Ֆրանսիայի Սենատի բարեկամական ներուժըօգտագործվի գործադիր իշխանության մակարդակում հայ-ֆրանսկան գործակցությունը առավել առարկայացնելու եւ խորացնելու համար: