30 տարի անց Արցախը կրկին կանգնած է գոյաբանական նույն սպառնալիքի առաջ, ինչ և ադրբեջանա-հայկական հակամարտության արդի փուլի ամենասկզբում․ ԱՀ ԱԳՆ

  • by Western Armenia, 02 Մայիսի, 2023 in Քաղաքականություն
148 դիտում

Ուղիղ 32 տարի առաջ՝ ապրիլի 30-ին, սկսվեց «Օղակ» գործողությունը, որի անվանումն արդեն իսկ վկայում էր դրա պատժիչ բնույթի մասին։ 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս մի քանի փուլով իրականացված գործողության հիմնական նպատակն էր ուժով ճնշել Արցախի ժողովրդի կամարտահայտությունն ու ստեղծել պայմաններ հայրենի հողից նրա արտագաղթի համար։1991 թ. սկզբից Ադրբեջանում գրեթե բացահայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պետք է վտարվեն Արցախից, եթե համաձայն չեն ենթարկվել Ադրբեջանին: 1991 թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեց կանոնավոր կերպով գնդակոծել Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Ապրիլի 16-ից դադարեցվեց Շահումյանի շրջանի էներգամատակարարումը, անջատվեց հեռախոսակապը: Ապրիլի 19-ին Գետաշեն գյուղում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմը դուրս բերվեց գյուղից: Ապրիլի 21-ին, Բաքվի պահանջով, արգելվեցին Երևան-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները:

Ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: 

Գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր: Ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկնող «Օղակ» գործողությունը կտրուկ բարձրացրեց լարվածության մակարդակը տարածաշրջանում, և ադրբեջանա-հայկական հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն:

Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են կրկնվում և անպատիժ մնում 30 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները, այդ թվում՝ ռազմական ագրեսիան, տարածքների օկուպացիան, սպանությունները, էթնիկ զտումներն ու ահաբեկչությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։ 

Այսօր Արցախի ժողովուրդը կրկին օղակի մեջ է հայտնվել՝ ավելի քան 4 ամիս շարունակվում է շրջափակումն Ադրբեջանի կողմից, որը, արդեն պաշտոնապես փակելով Բերձորի միջանցքը, փորձում է ապօրինի հսկիչ անցակետ տեղակայել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։

Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում դաժան, «Օղակ» գործողության բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև և կրկին հորդորում ենք միջազգային հանրությանն ու առաջին հերթին՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար անմիջական պատասխանատվություն կրող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, վերջապես հրաժարվել անհանգստություն արտահայտող արարողակարգային բնույթի ձևակերպումներից ու երկու կողմերին ուղղված կոչերից և ձեռնարկել հրատապ ու գործնական քայլեր՝ կանխելու նման վայրագությունների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կրկնությունը, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական մտադրություններն Արցախի և Հայաստանի նկատմամբ։ 

Արցախի ԱԳՆ