• by Hasmik Karapetyan, 30 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
92 դիտում

«Ինտերպոլին արգելված է մտնել քարոզչական, մշակութային, ռասայական կոնֆլիկտների մեջ. Եթե մեկ խաչքար է հանվել Արցախից՝ փրկվել է ադրբեջանական վանդալիզմից». Րաֆֆի Քորթոշյան

Նախորդ շաբաթ հայտնի դարձով, որ Բաքուն հայկական կողմին ներկայացրել է հերթական մեղադրանքը, հայտարարելով, որ հայկական կողմը Հայաստան է տեղափոխել Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ։

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե Դադիվանքից հանված որմնանկարների և խաչքարերի մասին տեղեկությունները դեռ 2025 թվականի հոկտեմբերին փոխանցվել են Ինտերպոլին, որոնք ներառվել են «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի խոսքով՝ նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք ադրբեջանական կողմն Ինտերպոլին փոխանցել է տվյալներ, որոնք ներառվել են, ինչպես ադրբեջանական կողմն է ասում՝ «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։

«Ադրբեջանական կողմը բազմիցս ստել է, դրա համար չգիտեմ, թե այդ հայտարարությունը որքանով է հավաստի։ Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանը մշտապես սուտ հայտարարություններ է  անում, որևէ պաշտոնյայի հայտարարության չեմ հավատում։

Բացի այդ, Ինտերպոլին՝ իր կանոնագրքի 2-րդ հոդվածով, արգելված է նման պատմական կամ քարոզչական, մշակութային, ռասայական կոնֆլիկտների մեջ մտնելը։ Կարծում եմ, եթե նույնիսկ Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին, ուրեմն՝ ցանկացել է, որպեսզի այդ կառույցը դառնա Հայաստանի դեմ ադրբեջանական աշխարհաքաղաքական ճնշումների մասնակիցը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Քորթոշյանը։

Րաֆֆի Քորթոշյանը հիշեցրեց բազմաթիվ դեպքեր, թե ինչպես է Ադրբեջանն օկուպացված Արցախում ոչնչացրել հայկական եկեղեցիներ, խաչքարեր, դրանց վերաբերյալ տարածվել են բազմաթիվ տեսանյութեր։ Հետևաբար, եթե հայկական կողմն Արցախից որևէ խաչքար է դուրս բերել, ապա այդ խաչքարը փրկել է ադրբեջանական վանդալիզմից։

«Եթե Հայաստան է տեղափոխվել գեթ մեկ խաչքար, ապա սա համահունչ է միջազգային օրենքին, քանի որ Ադրբեջանն Արցախում վանդալիզմի է ենթարկել ու ենթարկում խաչքարերը, եկեղեցիները, պղծում է սրբանկարները, նույնիսկ կրակում է  խաչքարերի վրա։ Այս ամենը վկայող տարբեր փաստեր կան։ Չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը, որտեղ հասնում է ձեռքը, ավերում է եկեղեցիներ ու խաչքարեր, բոլորը՝ հայկական։ Նախիջևանի ամբողջ հուշարձանների, Հին Ջուղայի խաչքարերը ձեզ օրինակ։

Դրա համար, եթե նույնիսկ մեկ խաչքար է հանվել Արցախից, նշանակում է՝ այդ խաչքարը փրկվել է ադրբեջանական վանդալիզմից»,- ընդգծեց Րաֆֆի Քորթոշյանը։

Նշենք, որ 2020 թվականից մինչև օրս Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է տասնյակ եկեղեցիներ՝ դրանք հիմնահատակ քանդելով, քանդել է նաև գերեզմանոցներ ու հայ հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներ։ Հիմնահատակ քանդել է տարբեր գյուղեր, այդ թվում՝ Քարին Տակը, որտեղ նույնպես կան սրբատեղիներ։