ՄԻԵԴ-ը խախտումներ է արձանագրել «Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի սեպտեմբերի 1-ին՝ շուրջ ինը տարի անց, «Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել՝ արձանագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կյանքի իրավունքը երաշխավորող 2-րդ և արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը երաշխավորող 13-րդ հոդվածների խախտումներ։
Գործը վերաբերում էր զինվորական ծառայության ընթացքում Ա. Մ.-ի մահվան հանգամանքներին։ Նրա հայրը՝ Պ. Մ.-ը, 2017 թվականի հուլիսի 17-ին դիմել էր ՄԻԵԴ՝ պնդելով, որ որդու մահվան հանգամանքները պատշաճ և արդյունավետ չեն քննվել։
Դատարանը նշել է, որ քննության ընթացքում մի շարք էական հանգամանքներ չեն պարզաբանվել։ Մասնավորապես՝ հակասություններ են եղել զինծառայողների ցուցմունքներում, չի պարզվել դեպքի ճշգրիտ ժամանակագրությունը, պատշաճ չի ուսումնասիրվել զենքի վրա մատնահետքերի բացակայությունը, ինչպես նաև կրակոցի հետքերը։ Բալիստիկ փորձաքննությամբ նույնպես չի պարզվել կրակոցի հեռավորությունը։
ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ իշխանությունները բավարար ջանասիրությամբ չեն ուսումնասիրել մահվան հնարավոր այլ վարկածները և չեն ներկայացրել դրա պատճառների վերաբերյալ ողջամիտ ու համոզիչ բացատրություն։ Դատարանը նաև արձանագրել է արդյունավետ փոխհատուցման միջոցի բացակայություն։
Վճռով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցվել է Պ. Մ.-ին վճարել 50 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի համար։
