«COP 29-ը Բաքվի նման մի երկրում անցկացնելն ինքնին ողբերգական երեւույթ է». Յոնաթան Շպանգենբերգ

  • by Editbeglari, 19 Հուլիսի, 2024 in Լուրեր
246 դիտում

Գերմանիայում գործող մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն կառավարությունից եւ COP 29-ի պատվիրակություններից պահանջել են միջամտել եւ Բաքվի կառավարությանը հորդորել անհապաղ ազատ արձակել, նախքան համաժողովի անցկացումը, Բաքվում գտնվող «բոլոր հայ քաղբանտարկյալներին եւ վերջ դնել Ալիեւի ցեղասպանական բռնատիրությանը»: Այս մասին հայտնում է «Ազգ» շաբաթաթերթը՝ վկայակոչելով Գերմանիայում գործող Frankfurter Rundschau օրաթերթին։

Օրաթերթը նաեւ անդրադարձել է Արեւելյան Հայաստանի դեմ ուղղված շարունակական սպառնալիքներին: Նշվում է, որ «Հայաստանի դեմ ուղղված սպառնալիքը գոյութենական վտանգն է: Բաքվի դպրոցականներին ուսուցանում են հայազգի բարբարոս թշնամիների, ահաբեկիչների դեմ պայքարել»: Հավելում են, որ կլիմայի փոփոխություններին նվիրված նման կարեւոր համագումարը Բաքվի  նման մի երկրում անցկացնելն ինքնին ողբերգական երեւույթ է:

«Գերմանիան ոչ միայն այդ հնարավորությունն ունի, այլեւ պատմական պատասխանատվություն է կրում՝ որպես Հայոց ցեղասպանության մեղսակից երկիր»,- գրված է հոդվածում։

Օրաթերթի լրագրող Էրքան Փեհլիվանը հարցազրույց է վարել նաեւ Բունդեսթագի (խորհրդարանի) կոալիցիոն կառավարության երկու կուսակցությունների պատգամավորների հետ: Սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեն, պատասխանելով լրագրողի հարցին նշել է, որ քանակական աճը խիստ դրամատիկական է, քանի որ անցյալ տարի երկրի ներսում գտնվող քաղբանտարկյալների թիվը քառապատկվել է՝ անցնելով 300-ը:

«Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու ադրբեջանցի պատվիրակներին արգելվեց մասնակցել Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովին», ավելացրել է նա:

Իսկ Կանաչների կուսակցությունից Մաքս Լուքսը կառավարությունից պահանջել է ավելի խիստ միջոցներ ձեռնարկել:

«Մենք պարտավոր ենք բացեիբաց խոսել Բաքվի հետ եւ ոչ թե լուռ մնալ հանուն մեր նոր էներգագործակցությունը պահպանելու: Ես սա ասում եմ, որովհետեւ տեսնում եմ, թե ինչպես է Ադրբեջանը կալանքի տակ պահում հայերին՝ պարզապես, որովհետեւ մենք հաճախ չափազանց թույլ ենք եղել անցյալում: Դա «քարտ բլանշ» է յուրաքանչյուր ռեժիմի համար, որ ազատությունը համարում է սպառնալիք, իսկ ճնշում գործադրելը՝ լուծում իր տարաբնույթ հարցերի»,- նշել է Լուքսը: