ԼՂՀ Նախագահ. Արցախյան հիմնախնդիրը Հայկական Հարցի մեկ կարեւոր բաղադրիչն է

  • by Éditeur, 03 Նոյեմբերի, 2016 in Ազգային Քաղաքականություն
434 դիտում
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Սիսիանի ջոկատի զոհված ազատամարտիկների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ այս պահին բոլորս համակված ենք տարբեր զգացումներով. մի կողմից, կա խոր թախիծ եւ տխրություն, քանի որ հիշում ենք մեր նահատակված ընկերներին եւ հարազատներին, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սրտերում, իսկ մյուս կողմից, մենք լի ենք հպարտությամբ, որ ունենք այդպիսի հերոս մարտիկներ, ովքեր իրենց խիզախությամբ ու անձնվիրությամբ պաշտպանեցին հարազատ ժողովրդին եւ պետությունը, ում համար հայրենիքին ծառայելը ամենամեծ եւ կարեւոր առաքելությունն էր կյանքում: ԼՂՀ Նախագահը ընդգծել է, որ սյունեցիները եւ, մասնավորապես, սիսիանցիները միշտ էլ ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում, եւ այդ առումով Արցախյան ազատամարտը բացառություն չէր, որի ընթացքում նրանք պայքարել են թշնամու դեմ եւ իրենց անգնահատելի ավանդը բերել մեր փառավոր հաղթանակների կերտմանը: Նախագահն իր հիշատակի խոսքում, ի շարս այլ հարցերի, խոսել է նաեւ Արցախյան հիմնախնդրի մասին, որպես Հայկական Հարցի (հայ ժողովրդին տրված բոլոր իրավունքների, այդ թվում՝ Հայաստան պետության իրականացման ու ձեւավորման հարցը – խմբ.) մեկ կարեւոր բաղադրիչ, ինչը գալիս է հաստատելու, թե Արցախյան հիմնախնդրի վերջնական եւ ամբողջական լուծումը կարող է իրականացվել Հայկական Հարցի վերջնական լուծման գործընթացի համատեքստում, որն էլ իր հերթին ենթադրում է խորը եւ գիտակցված մի համապարփակ համագործակցության գործընթացի սկզբնավորում՝ հայկական հանրապետությունների ու պետականության բոլոր թեւերի միջեւ: Նախագահը նշել է, թե ինքը ուրախ է, որ այսօր հիշատակի այս արարողությանը իրենց են միացել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցի եւ կառավարության պատասխանատուներ, այդ թվում Հանրապետության Նախագահը, Վարչապետը, Հատուկ առաքելություններով ու լիազորություններով օժտված Նախարարը: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք, ներկայայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից: Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Լրատվական բաժին  01   14925246_1802254153344722_5859886003662054609_n 14900551_1802253973344740_3687640913426791180_n 01.11.2016 թ. Նախագահ Բակո Սահակեանը Հոկտեմբերի 29-ին այցելած է Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղ, ուր մասնակցած է Ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերուն Սիսեանի ջոկատի զոհուած ազատամարտիկներու յիշատակին տեղադրուած խաչքար-յուշարձանի բացման հանդիսաւոր արարողութեան: Իր խօսքին մէջ Նախագահ Սահակեանը նշած է, որ այս պահին բոլորս համակուած ենք տարբեր զգացումներով. մէկ կողմէ կայ խոր թախիծ եւ տխրութիւն՝ քանի որ կը յիշենք մեր նահատակուած ընկերներն ու հարազատները, որոնց կերպարը միշտ կենդանի է մեր սիրտերուն մէջ, իսկ միւս կողմէ մենք լի ենք հպարտութեամբ՝ որ ունինք այդպիսի հերոս մարտիկներ, ովքեր իրենց խիզախութեամբ ու անձնուիրութեամբ պաշտպանեցին հարազատ ժողովուրդն ու պետութիւնը, եւ որոնց համար հայրենիքին ծառայելը ամենամեծ ու կարեւոր առաքելութիւնն էր իրենց կեանքի: ԼՂՀ Նախագահը ընդգծած է, որ Սիւնեցիները՝ եւ մասնաւորապէս Սիսեանցիները միշտ ալ գործուն մասնակցութիւն ունեցած են հայրենիքի պաշտպանութեան գործին, եւ այդ առումով Արցախեան ազատամարտը բացառութիւն մը չէր, որուն ընթացքին անոնք պայքարած են թշնամիին դէմ, եւ իրենց անգնահատելի աւանդը բերած են մեր փառաւոր յաղթանակներու կերտման գործին: Նախագահն իր յիշատակի խօսքով ի շարս այլ հարցերու՝ խօսած է նաեւ Արցախեան հիմնախնդիրին մասին, որպէս Հայկական Հարցի (հայ ժողովուրդին տրուած բոլոր իրաւունքներուն, այդ շարքին՝ Հայաստան պետութեան իրականացման ու ձեւաւորման հարցի) կարեւոր մէկ բադադրիչ, ինչը կուգայ հաստատելու, թէ Արցախեան հիմնախնդիրի վերջնական եւ ամբողջական լուծումը կրնայ իրականացուիլ Հայկական Հարցի վերջնական լուծման գործընթացի ծիրին մէջ, որն ալ իր հերթին կ՛ենթադրէ խորունկ եւ գիտակցուած համապարփակ մէկ համագործակցութեան գործընթացի սկզբնաւորում՝ հայկական հանրապետութիւններուն եւ պետականութեան բոլոր թեւերուն միջեւ: Նախագահը նշած է, թէ ինքն ուրախ է որ այսօր յիշատակի այս արարողութեանն իրենց միացած են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական կառոյցի եւ կառավարութեան պատասխանատուներ, այդ շարքին՝ Հանրապետութեան Նախագահը, Վարչապետը, Յատուկ առաքելութիւններով ու լիազօրութիւններով օժտուած Նախարարը: Միջոցառման մասնակցած են ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշօտ Ղուլեանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պաշտօնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետութենէն: Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւն Լրատուական բաժին  01 14900551_1802253973344740_3687640913426791180_n 14925246_1802254153344722_5859886003662054609_n 01.11.2016 թ.