«Մոսկվան կարող է վերանայել Մոսկվայի/Կարսի պայմանագիրը. Թուրքիան կփորձի օկուպացնել Նախիջևանը»

  • by Éditeur, 03 Հունվարի, 2016 in Միջազգային Քաղաքականություն
331 դիտում
Ռուսաստանը, հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը և աշխարհաքաղաքական փոփոխություններն ու Թուրքիայի արևելյան շրջաններում անկախ Քրդական պետության կազմավորման հեռանկարը, կարող է վերանայել Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորող Մոսկվայի և Կարսի պայմանագրերը՝ կնքված 1921թ.: Չի բացառվում, որ ռուսներն ամերիկացիների հետ համատեղ վերադառնան նաև Սևրի պայմանագրին: Այս կարծիքին է ռուս պատմաբան և քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց ռուս-թուրքական հակամարտության՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցության և Թուրքիայի կողմից սպասվող քայլերի մասին: Մեր զրուցակցի կարծիքով՝ քիչ հավանական է, որ Թուրքիան սադրանքների դիմի Հայաստանի հետ սահմանին, որովհետև թուրքական բանակի ռազմական ներկայությունը ՀՀ-ին սահմանակից շրջաններում շատ թույլ է: Այնուամենայնիվ, եթե նման սպառնալիք ստեղծվի, Ռուսաստանը կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Հայաստան-Թուրքիա սահմանին՝ ամրապնդելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Ստանիսլավ Տարասովն, այդուհանդերձ, չի բացառում, որ Թուրքիան այս իրավիճակում դիմի ինչ-որ գործողությունների՝ փորձելով օկուպացնել Նախիջևանը: Դիվանագիտական ճակատում Անկարան տեսականորեն կարող է, օրինակ, վերսկսել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, բայց մեր զրուցակիցը համոզված է, որ Հայաստանը չի համաձայնի Անկարայի առաջարկին՝ հաշվի առնելով դաշնակից Ռուսաստանի շահերը: Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հարաբերություններին, փորձագետի խոսքով՝ Թուրքիան կորցնում է Ադրբեջանը, որը ստիպված է անցնել Ռուսաստանի կողմը, այլապես «նրան կհոշոտեն»: – Պարոն Տարասով, թուրքական օդուժի կողմից ռուսական «Սու-24» օդանավի կործանումը առաջացրեց բուռն աշխարհաքաղաքական զարգացումներ: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է սա փոխում իրադրությունը տարածաշրջանում և ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա՝ այն իմաստով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: – Իրավիճակն իսկապես փոխվում է, փլուզվում է Ադրբեջանի դաշինքը Թուրքիայի հետ, և Թուրքիայի դիրքերը կտրուկ թուլանում են տարածաշրջանում: Առաջինը՝ եթե նախկինում մենք շատ զգույշ էինք մոտենում Հայաստանին, Ղարաբաղին, չէինք ուզում փչացնել հարաբերությունները մյուս երկրների հետ, ինչ-որ ձևով փորձում էինք հավասարակշռել, հիմա հասկանում ենք, որ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակիցն է, և Հայաստանը՝ ներառյալ Ղարաբաղը, շատ լուրջ աջակցություն է ստանում իր պաշտպանությունը ամրապնդելու համար: Իսկ Ադրբեջանի դիրքերը կտրուկ թուլանում են: Երկրորդը՝ այսօր շատ են քննարկում այն հարցը, թե Թուրքիան սադրանքների է դիմելու Հայաստանի սահմանին: Պետք է ասեմ, որ Թուրքիան ի վիճակի չէ դա անելու, քանի որ ներկայումս Թուրքիայի ողջ բանակը ՆԱՏՕ-ի հրամանով հսկում է թուրք-սիրիական սահմանը, իսկ Թուրքիայի՝ Հայաստանի հետ սահմանակցող արևելյան շրջաններում թուրքական բանակի ներկայությունը խիստ թուլացել է՝ քուրդ զինյալների հետ բոլոր մարտերը պարտվելու պատճառով: Տվյալ պարագայում եթե այնտեղ հանկարծ որևէ սպառնալիք առաջանա, ռուսական ռազմական խմբավորումը Հայաստանում, բնականաբար, կուժեղացվի, և ռուսական զորքերը հայկական բանակի հետ կկանգնեն սահմանին: Հայ ժողովուրդը չպետք է անհանգստանա: – Հատկանշական է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն գնաց Բաքու և հանդիպեց Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ, և ռուսական մամուլում կարծիքներ հնչեցին, թե Թուրքիան կարող է Ադրբեջանին հրահրել սադրանքների Հայաստանի դեմ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: – Մենք գիտենք, որ դեկտեմբերի 3-ին Բաքու կայցելի նաև վարչապետ Դավութօղլուն: Սա կլինի նրա առաջին պաշտոնական այցը Թուրքիայի կառավարության կազմը հաստատելուց հետո: Նրանք կորցնում են Ադրբեջանը: Գիտեք, Չավուշօղլուն Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ զրույցում ասել է, որ իրենք կաջակցեն Ադրբեջանին «օկուպացված տարածքները ազատագրելու հարցում», ինչին ի պատասխան՝ Մամեդյարովն ասել է, թե «մեզ մոտ էլ Լավրովի ծրագրի նախագիծը կա», թեև իրականում Լավրովի ծրագիր պարզապես գոյություն չունի: Կրկնում եմ՝ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության միջոցները շարունակվելու են ամրապնդվել, որովհետև այս իրադարձություններն, ըստ երևույթին, երկար են շարունակվելու, և Ռուսաստանը կշարունակի ամրապնդել իր դիրքերը Անդրկովկասում: Իսկ այստեղ Հայաստանից բացի՝ ուրիշ դաշնակից չկա: – Այսինքն՝ կարծում եք, որ ռուս-թուրքական հակամարտությունը դեռ երկա՞ր կտևի: Երկու սցենար է եղել սիրիական խնդրի շուրջ՝ Վիեննայի քաղաքական-դիվանագիտական գործընթացը Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով, որին մասնակցում էր Թուրքիան, և Միացյալ Նահանգների գլխավորած ռազմական կոալիցիան, որի մեջ մտնում է նաև Թուրքիան: Այժմ դաշինք է ձևավորվում Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Իրաքի միջև, և ամենահետաքրքիրը՝ կարգավորվում են հարաբերությունները Իսրայելի հետ, և պարադոքս կլինի այն, եթե Իսրայելը սկսի հարել այս դաշինքին և Իրանի հետ դառնա օբյեկտիվ դաշնակից: Այս իրավիճակում Ռուսաստանը Թուրքիային չի համարում առաջինը՝ բանակցային գործընկեր, երկրորդը՝ բանակցությունների ունակ երկիր, երրորդը՝ ձեռք սեղմելու արժանի երկիր: Հիմա Ռուսաստանի՝ կոալիցիային միանալու պայմաններից մեկը լինելու է այս գործընթացից թուրքական գործոնի բացառումը: Պաշտոնաթող գեներալ Յավուզն այսօր գրել է, որ «մեր գլխին այնպես սարքեցին, որ Թուրքիան հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ՝ ոչ միայն տարածաշրջանում, այլև Արևմուտքում»: Թուրքիան միջազգային քաղաքականության սուբյեկտից վերածվում է օբյեկտի, որովհետև Էրդողանի հետ որևէ մեկը չի խոսելու, խոսելու են այլ ուժերի հետ և սպասելու են՝ մինչև նրանք գան իշխանության: – Դուք ասացիք, որ Թուրքիան կորցնում է Ադրբեջանը: Նկատի ունեք, որ Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի կոնֆլիկտում կանցնի Ռուսաստանի՞ կողմը: – Այո, նա ուրիշ ելք չունի. նա սեղմված է Ռուսաստանի և Իրանի միջև: Եթե նրանք այլ կերպ իրենց պահեն՝ թուրքի պես, այնպես, ինչպես իրեն պահեց Էրդողանը, Ադրբեջանին պարզապես կհոշոտեն: – Բայց ադրբեջանցի փորձագետներն էլ պնդում են, որ Թուրքիայի հետ Ադրբեջանի եղբայրական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, և որ ռուս-թուրքական սրումը չի ազդի այդ հարաբերությունների վրա: Իսկ ի՞նչ էիք ուզում, որ նրանք ասեին: Նրանք այլ բան չէին էլ կարող ասել: Տեսեք, թե ինչպես են նրանք նյարդայնացել, ինչպես են աշխատում նրանց լրատվամիջոցները: – Իսկ ի՞նչ լծակներ կարող է Մոսկվան գործադրել Ադրբեջանի նկատմամբ: – Կարող են կիրառվել, օրինակ, տնտեսական լծակներ՝ ինչպես եղավ Թուրքիայի դեպքում: Երկրորդը՝ Ադրբեջանը էներգառեսուրսներ է տարանցում Վրաստանի տարածքով: Պատահական չէ, որ Վրաստան-Ադրբեջան հարաբերություններում արդեն իսկ առաջացել են բազմաթիվ խնդիրներ՝ սահմանային, տրանզիտային և այլն: Պատահական չէ նաև այն, որ Թեհրանում բանակցեցին Վրաստանի էներգետիկայի նախարարը և  իր ռուսաստանցի գործընկերը, ինչը նյարդայնացրեց Ադրբեջանին: Կասպիական էներգառեսուրսների ելքը Վրաստանի տարածքով դժվարանալու է, քանի որ էներգատար խողովակները հայտնվում են իրական և ենթադրյալ մարտական գործողությունների գոտում: Այսպիսի պայմաններում որևէ ընկերություն գումար չի ներդնի այդ նախագծում: Բայց սրանք առայժմ տեսական ենթադրություններ են: Իսկ գործնականում, եթե այնտեղ ինչ-որ ռազմական գործողություններ սկսվեն, Ռուսաստանն, անշուշտ, կուժեղացնի իր խմբավորումը: – Դիվանագիտական-քաղաքական հարթության վրա ռուսական կողմը սկսել է ակտիվորեն օգտագործել հայկական գործոնը Թուրքիայի դեմ: Այս իմաստով Թուրքիան կարո՞ղ է «ձիով քայլ» անել, օրինակ՝ վերսկսել թուրք-հայկական հաշտեցման գործընթացը: Տեսեք, թե որն է խնդիրը. Հայաստանը, նախ, անկախ և ինքնուրույն պետություն է, երկրորդը՝ ՀԱՊԿ-ի, իսկ երրորդը՝ Եվրասիական միության անդամ է: Հայաստանի և Թուրքիայի սահմանը նաև Եվրամիության, Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի սահմանն է: Հասկանո՞ւմ եք: Այո, թուրքերը կարող են խաղարկել հայկական խաղաքարտը, հայտարարել՝ եկեք հաշտվենք, ստորագրենք, օրինակ, Ցյուրիխյան արձանագրությունները: Հայաստանը կարող է գնալ դրան, բայց կրկին հաշվի առնելով իր դաշնակիցների շահերը: Ես գրեթե 100 տոկոսով համոզված եմ, որ ինչ էլ հիմա թուրքերը առաջարկեն, հայերին դա ձեռնտու չէ, և նրանք չեն համաձայնվի: Ընդհակառակը՝ Հայաստանի համար բացվում են նոր աշխարհաքաղաքական հեռանկարներ, որովհետև եթե իրականացվի ամերիկացիների քրդական նախագիծը, Հայաստանն այլևս կսահմանակցի ոչ թե Թուրքիային, այլ Քրդական պետությանը: Այստեղ միայն Հայաստանի խնդիրը չէ: Կարող է սկսվել Թուրքիայի փլուզման գործընթացը: Թուրքիայի տարածքային ամբողջականության միակ երաշխավորը Պուտինն էր: Նա վստահում էր Էրդողանին, և վերջինս համարձակ էր գործում: Այժմ Էրդողանն այդ վստահությունը կորցրել է, և եթե Թուրքիան սկսեն պառակտել, Ռուսաստանը ձայն չի հանի: Աշխարհաքաղաքական փոփոխությունները սկսվելու դեպքում կփոխվի Թուրքիայի հետ սահմանային ռեժիմը: Իր ուժը կարող են կորցնել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, և առաջ կգա Նախիջևանի խնդիրը: Համենայնդեպս, հիմա շատ փորձագետներ կարծում են, որ Թուրքիան կփորձի օկուպացնել Նախիջևանը, ոչ թե ճնշում գործադրել Հայաստանի վրա: Խնդիրն այն է, որ Նախիջևանը սահմանակից է Իրանին, որը Ռուսաստանի դաշնակիցն է և թույլ չի տա Թուրքիային այդ քայլն անել: Իսկ Հայաստանի տարածաշրջանային և գլոբալ դիրքերը այժմ օբյեկտիվորեն սկսել են ամրապնդվել: – Ի դեպ, Կարսի պայմանագրով Թուրքիան որոշ իրավունքներ ունի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության նկատմամբ: Կարծում եք՝ Թուրքիան կփորձի ինչ-որ կերպ օգտագործե՞լ այս հանգամանքը: – Մենք սովոր ենք ասել, որ Հայաստանը սահմանակցում է Թուրքիային, բայց եթե Թուրքիան մասնատվի, գործ ենք ունենալու Քրդստանի, ոչ թե Թուրքիայի հետ: Կստեղծվեն նոր կազմավորումներ, հետևաբար ստիպված կլինենք նոր պայմանագրեր ստորագրել: Հին սխեման արդեն կարող է չաշխատել: – Բայց մոտ ապագայում կարո՞ղ է կազմավորվել անկախ Քրդստան Թուրքիայի տարածքում: – Ըստ իս՝ գործընթացը սկսվել է: Մի փոքր դժվար է գնահատել: Դա կարող է տեղի ունենալ կես տարի կամ մեկ տարի հետո, իսկ գուցե ավելի շուտ լինի: Բայց փաստ է, որ որևէ մեկը չէր ենթադրում, որ բուրգը այդքան անսպասելիորեն կշրջվի: Մոսկվան համոզված էր, որ Անկարան նման քայլի, նման ռիսկի չի դիմի, որովհետև այդ սադրանքից այն կողմ անդունդ է Թուրքիայի համար: Իսկ Ռուսաստանի խնդիրն այստեղ այն է, որ Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից արևելյան շրջաններում կարող է առաջանալ աշխարհաքաղաքական փոս, և Ռուսաստանը ստիպված է դիտարկել դիրքերի ամրապնդման հարցը: Այս տեսանկյունից ես ամենևին չեմ բացառում, որ կստեղծվի համատեղ մանդատային հանձնաժողով, որը կվերադառնա Կարսի պայմանագրին, ավելի ճիշտ՝ ոչ թե Կարսի, այլ Սևրի պայմանագրին: Պատահական չէ, որ ամերիկացիներն այսօր ակտիվորեն ուսումնասիրում են այդ փաստաթղթերը: Այսպիսով՝ կարող են վերակենդանացվել Սևրի և Մոսկվայի/Կարսի պայմանագրերը: Ես չեմ ասում, որ անպայման այդպես կլինի, ես ասում եմ, որ հավանականությունը մեծանում է:   http://www.1in.am/1784106.html