”Forbidden Homeland” գիրքը ներկայացվեց Պասադենի հայկական ճեմարանում 

  • by Western Armenia, 13 Մայիսի, 2024 in Քաղաքականություն
18 դիտում

Ապրիլի 16-ին դեղագործ և Forbidden Homeland, Story of a Diasporan գրքի հեղինակ Քաթիա Գարակյոզյանը իր գիրքը և ընտանիքի վերապրումները ներկայացրեց Պասադենի Պլեր դպրոցի Հայկական ճեմարանի աշակերտներին:

Դպրոցի գրադարանում տեղի ունեցած հանդիպումը սկսվեց գրքի ստեղծման և տպագրության վերաբերող հետաքրքրական դրվագների ներկայացմամբ: Գարակյոզյանը բացատրեց, թե ինչպես իր համալսարանի տարիներին պատահած անակնկալ հանդիպումները և խաչաձևումները պատճառ էին դարձել, որ ինքը որոնի իր ընտանիքի պատմական և աշխարհագրական արմատները, և ապա գրի իր գիրքը:

Forbidden Homeland գիրքը թե՛ պատմական է, և թե՛ հուշագրական: Դրանում մանրակրկտորեն և երանելիորեն հիշատակված են Արևմտյան Հայաստանի մի քանի քաղաքներ, երևելի եւ հեղինակավոր անձեր, դպրոցներ, որբանոցներ, ինչպես նաև Հալեպը և Բեյրութը՝ իբրև  գաղթօջախներ: Պատկերազարդ գիրքը ընթերցողին է ներկայացնում արկածախնդրալից և պատկերավոր այդ ժամանակաշրջանի լիբանանահայության պատմությունը: Հեղինակը աշակերտներին բացատրեց նաև, թե որքա՛ն կարևոր է կազմել ընտանեկան տոհմածառը, ապա ծանոթ լինել նախնիների բնակավայրերին, հավաքել և կարդալ ընտանեկան նամակները, բացիկները, պահպանել լուսանկարները, ինչպես նաև՝ ընտանիքի երեցներին լսել եւ արձանագրել բանավոր պատմություններ, կատարել հետազոտություններ հայ ազգի և ընտանիքի անցյալի վերաբերյալ:

Հեղինակը լուսանկարների ցուցադրության միջոցով աշակերտներին պատմեց գրքի պատմությունը՝ նրանց մեջ արթնացնելով ընտանեկան պատմությունները որոնելու, բացահայտելու և արձանագրելու ցանկությունը :

Հանդիպումը ավարտվեց հարցում-պատասխաններով և գրքից օրինակների մակագրությամբ։