ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ ուղղված Բերձորի ճանապարհի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը. ԱԳՆ

  • by Western Armenia, 28 Մարտի, 2023 in Միջազգային Քաղաքականություն
191 դիտում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվի իշխանությունների  կողմից շփման գիծը խախտելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայննության հետ կապերի վարչությունից:

«Նման գործողություններով Բաքվի իշխանությունները ձգտում են  էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև։ Միաժամանակ, ադրբեջանական կողմը փորձում է իրականության հետ որևէ առնչություն չունեցող և շինծու հայտարարություններով արդարացնել իր իսկ անօրինական գործողություններն ու սադրանքները։

Արցախի շուրջ օղակը սեղմելու Ադրբեջանի գործողությունները ցինիկ պատասխան են Արցախը՝ Սյունիքի տարածաշրջանին կապող Բերձորի ճանապարհի անհապաղ ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, և մարտահրավեր՝ միջազգային իրավակարգին։

Ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ վերացնելու Բաքվի իշխանությունների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների հերթական խախտման հետևանքները, ինչպես նաև կանխարգելելու նոր հնարավոր խախտումները:

Նման պայմաններում հրամայական է միջազգային հանրության կողմից միասնական կոշտ դիրքորոշման որդեգրումը՝ ստիպելու Բաքվին վերադառնալ իրավական դաշտ և կատարել իր միջազգային պարտավորությունները։ Միջազգային հանրությունը և մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ ուղղված Բերձորի ճանապարհի անհապաղ բացմանն ու Նախագահ Ալիևի ցեղասպան քաղաքականության զսպմանը», – ասված է հայտարարության մեջ։

Արևմտյան Հայաստանի կառավարությունը մեկ անգամ չէ , որ անդրադարձել է Բաքվի իշխանությունների անօրինական և վայրագ գործելակերպին, որոնք չեն հարգում ոչ միայն սեփական խոսքը, այլև միջազգային պայմանավորվածությունները, շարունակելով սեփական էթնոսպան քաղաքականությունը: 

Բայց սա երկար շարունակվել չի կարող, քանի որ մեր կողմից հնչեցվող հարցերն արդեն միջազգային հանրության և պետությունների կողմից սկսել են արձագանք ստանալ ու շատ շուտով լուծում կստանան նաև բոլոր հարցերը: