Տիգրանակերտում  հայոց լեզվի անվճար դասընթաց

  • by Editbeglari, 11 Փետրվարի, 2026 in Գիտություն
151 դիտում

Տիգրանակերտում շուտով կմեկնարկի հայոց լեզվի անվճար դասընթաց՝ դառնալով ուշագրավ և խորհրդանշական իրադարձություն տարածաշրջանի մշակութային կյանքում։

Ինչպես հայտնում է թուրքական «Բիանեթ» լրատվական կայքը, Տիգրանակերտի քաղաքապետարանը կազմակերպում է քրդերենի, հայերենի և ասորերենի դասընթացներ։ Դիմումների ընդունումն արդեն մեկնարկել է։

Ծրագիրը կյանքի է կոչվում քաղաքապետարանի Արվեստի և սոցիալական գործերի վարչության կողմից՝ լեզուների և մշակույթների բազմազանությունը խթանող կրթական նախաձեռնությունների շրջանակում։ Դասընթացները լինելու են ամբողջությամբ անվճար և նախատեսված են 16 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար։

Հատկանշական է, որ հայոց լեզուն կդասավանդվի A1 և A2 մակարդակներով՝ հնարավորություն ընձեռելով սկսնակներին կատարել իրենց առաջին քայլերը մայրենի լեզվի ուսուցման ճանապարհին։

Տիգրանակերտում  հայոց լեզվի դասավանդումը ոչ միայն կրթական, այլև խոր խորհրդանշական նշանակություն ունի․ այն վկայում է տարածաշրջանում մշակութային բազմազանության ճանաչման և լեզվական իրավունքների նկատմամբ աճող ուշադրության մասին։

Արդյո՞ք սա նոր էջ է բացում Արևմտյան Հայաստանում հայոց լեզվի վերակենդանացման ճանապարհին։ Ժամանակը ցույց կտա, սակայն արդեն այսօր կարելի է արձանագրել՝ հետաքրքրությունը մեծ է, իսկ սպասումները՝ բարձր։