Արցախյան պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հրապարակային գրառմամբ իր մտահոգությունն է հայտնել որդու խորհրդանշական նկարը Երևանի Հաղթանակ զբոսայգու պատից ջնջելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ մինչ օրս որևէ հստակ պարզաբանում չի ստացել։
Սեպտեմբերի 26-ին բարձրաձայնելով կատարվածի մասին՝ Արտակ Հովհաննիսյանը ակնկալել էր պատկան մարմինների արձագանքը, սակայն, նրա խոսքով, դրան հաջորդել է լռություն։ Նա նշում է, որ տեղեկություն չունի՝ հարցը քննարկվե՞լ է քաղաքապետարանում, թե՞ որևէ քայլ է ձեռնարկվել դրա լուծման ուղղությամբ։
«Հերոսների հիշատակը ջնջելով չէ, որ պատմություն է կերտվում։ Իսկ լռությամբ՝ հարցերը չեն փակվում»,- ընդգծել է նա՝ պահանջելով հարգանք որդու սխրանքի, հիշատակի և հանրային արժանապատվության հանդեպ։
Արտակ Հովհաննիսյանը շեշտել է, որ իր պահանջը անձնական արտոնություն չէ, այլ արդարության և պատասխանատվության ակնկալիք։ Նրա խոսքով՝ հանրային պահանջը շարունակելու է հնչել այնքան ժամանակ, մինչև խնդիրը ստանա հստակ և արժանի լուծում։
