Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի ևս մատուցվել է ամենամյա պատարագը՝ արդեն 14-րդ անգամ։ Արարողությունը կայացել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ։
Պատարագը գլխավորել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ պատարագը մատուցել է ԱՄՆ Արևելյան թեմի հոգևոր առաջնորդ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Փարսամյանը։ Արարողությանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայեր, այդ թվում՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից և Իրանից։
Հավաքվածները եկեղեցում մոմեր են վառել, աղոթել և շարականներ երգել։ Պատարագի ընթացքում հնչել են խաղաղության և մարդկության եղբայրության կոչեր։
Պատրիարք Մաշալյանը նշել է, որ այս տարի ևս հավատացյալների մասնակցությունը մեծ էր՝ ընդգծելով, որ աղոթել են աշխարհի խաղաղության և տարածաշրջանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար։
Արարողության ընթացքում տարածքում հերթապահություն են իրականացրել ոստիկանության, առափնյա անվտանգության և շտապօգնության ծառայությունները։
