Պոլսի հայ համայնքում աղքատությունն ու բնակարանային ապահովության խնդիրը գնալով ավելի մտահոգիչ են դառնում։ Այս մասին «Ակօս»-ին տված հարցազրույցում նշել է Պատրիարքական սոցիալական օգնության հանձնաժողովի նախագահ Հերման Քավաֆեանը։
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ համայնքում 803 ընտանիք սոցիալական աջակցության կարիք ունի և ստանում է սննդային օգնություն։ Միաժամանակ, Թուրքիայում աճող գնաճի և բնակարանների վարձավճարների թանկացման հետևանքով բազմաթիվ ընտանիքներ դժվարանում են հոգալ կենցաղային ծախսերը։ Ոմանք ստիպված են տեղափոխվել Ստամբուլի ավելի հեռավոր թաղամասեր, իսկ մի մասն էլ՝ քաղաքից դուրս։
Քավաֆեանի խոսքով՝ համայնքում անօթևանների թիվը նույնպես աճել է։ Բացի այդ, լուրջ ուշադրություն են պահանջում թմրամոլության և խաղամոլության խնդիրները։ Նա ընդգծել է, որ սոցիալական աջակցության համակարգի ամրապնդման համար անհրաժեշտ են կարիքների ճշգրիտ գնահատում, կառույցների համագործակցություն և առկա միջոցների արդյունավետ օգտագործում։
Հանձնաժողովի նախագահի համոզմամբ՝ աղքատության դեմ պայքարը նույնքան կարևոր պատասխանատվություն է, որքան կրթության ոլորտում ներդրումները, քանի որ համայնքի ապագայի կառուցումը չի կարող անտեսել այսօր օգնության կարիք ունեցող ընտանիքներին։
