Այսօր Խրիմյան Հայրիկի ծննդյան օրն է

  • by Western Armenia, 04 Ապրիլի, 2023 in Հասարակություն
158 դիտում

Այսօր հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) ծննդյան օրն է:

Ծնվել է 1820 թ-ի ապրիլի 4-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում։ 1842-ին հաստատվել է Կոստանդնուպոլսում։ 

1854-ին ձեռնադրվել է վարդապետ։ 1856-ի հունիսին վերադառնալով Վան՝ սուլթանի ֆերմանով և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի կոնդակով ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը։ 1857-ին վանքում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան։

Խրիմյան Հայրիկը ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ։ Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։ Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել նրա հիմնած դպրոցն ու տպարանը։

1868-ին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869-ին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։ Իբրև պատրիարք Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարստահարությունների, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը։ Պայքարել է ողջ Արեւմտեան Հայաստանի հայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը Ազգային ժողովում ավելացնելու համար։

Իբրև 1878-ի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար՝ նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը։ Հիասթափված նրա արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգային-ազատագրական պայքարը։

1893-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս։ 

Նա մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականների ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին հայրենի երկիր վերադարձնելու համար։