Այսօր Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է

  • by Western Armenia, 12 Հունիսի, 2023 in Հասարակություն
362 դիտում

Հունիսի 12-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ (1994, հետմահու), Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի  ակտիվ մասնակից Մոնթե (Ավո) Մելքոնյանի հիշատակի օրն է: 

1980-ի մայիսից Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ` ԱՍԱԼԱ) գլխավոր ռազմական մարզիչն էր: 1983-ին հեռացել է ՀԱՀԳԲ-ից (քաղաքական գծի և գործելակերպի հարցում անհամաձայնության պատճառով) և հիմնել ՀԱՀԳԲ-ի հեղափոխական շարժումը: 1990-ի հոկտեմբերից զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը: 1991-ի սկզբին հիմնել է «Հայրենասիրական ջոկատը»: 1992-ին` Մարտունիի պաշտպանական շրջանի հրամանատար: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառի հարավը:

Մոնթեն սպանվեց 1993 թվականի հունիսի 12-ին Մարտունու շրջանի  Մարզիլի գյուղի մատույցներում։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք», ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: 1994-ին Երևանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը: Մոնթեի անունով է կոչվել ՊՆ ռազմական ուսումնարանը: ԼՂՀ Մարտունի քաղաքում տեղադրված է քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած նրա հուշարձանը: Մոնթե Մելքոնյանը աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում: