Այսօր Սայաթ Նովայի ծննդյան օրն է

  • by Western Armenia, 14 Հունիսի, 2023 in Հասարակություն
229 դիտում

Ուշ միջնադարի հայ մեծ բանաստեղծ Սայաթ-Նովա (իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան, ծնվել է 1712 թ․ հունիսի 14-ին՝ Թիֆլիսում։ 

12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավ գործելու նոր դազգահ է պատրաստել։

Երգն ու երաժշտությունը նրան հմայել են ղեռ փոքրուց, գուցեև հոր ու մոր ազդեցությամբ։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովա կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններում, ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Ս. Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել որպես Սայաթ-Նովա՝ երգի որսորդ (պարսկերեն սայադ- որսորդ, նովա-երգ, մեղեդի)։

Սայաթ-Նովան մեծ ծառայություն ունի ուշ միջնադարի հայ գրկականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետն է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ։  Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած XVIII դ. 2-րդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության մեջ։

Նրա տեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով։ 1963-ի խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը։