Այսօր Քարվաճառի ազատագրման օրն է

  • by Western Armenia, 01 Ապրիլի, 2024 in Հասարակություն
23 դիտում

2013-ին լոյս տեսած  «ՔԱՐՎԱՃԱՌ՝ Մեր Պատվո Պարտքը», հեղինակ` Լեւոն Մինասյան։

Ապրիլի 1֊ը  Քարվաճառի ազատագրման 31-րդ ամյակն է։

1993 թվականի այս օրը ազատագրվեց Արցախի կարևորագույն դիրքերից մեկըˋ Քարվաճառը:

Քարվաճառի ազատագրման գործողությունը սկսվել է 1993-ի մարտի 27-ից: Ապրիլի 1-ին շրջանն արդեն ազատգրված  էր՝ ազատամարտիկներ Արմենակ Աբրահամեանի, Հովսեփ Հովսեփյանի,Վոլոդիա Ավետիսյանի, Սարգիս Կարապետյանի, Միշա Թադեւոսեյանի,Հովսեփ Ներսիսյանի, Վիգեն Աբրահամյանի եւ այլոց շնորհիվ։

1993թ. մարտի վերջին՝ հոյւսիսարևմտյան ճակատում  իրավիճակը կտրուկ սրվել էր: Ադրբեջանական “Բերձոր-Քարվաճառյան  խմբավորումը” հյուսիսարևմտյան և հարավարևելյան ուղղություններից սկսեց թիկունքային հուժկու հարձակողական գործողություններ ծավալել Մարտակերտի և Բերձորի  շրջաններում տեղակայված հայկական ուժերի ուղղությամբ: Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության առջև խնդիր դրվեց՝ վնասազերծելու Քարվաճառի և Բերձորի տեղակայված կրակակետերն ու ջախջախելու “Բերձոր-Քարվաճառ խմբավորումը”: “Քարվաճառ” ռազմական գործողությունը թելադրված էր Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող արցախյան ինքնապաշտպանական ուժերի թիկունքն ապահովելու նկատառումով:

Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը գիտակցում էր ձեռնարկվող ռազմական գործողության բարդությունը: Այստեղ ամեն ինչ դրվում էր զոհասեղանին։ Պահանջվում էր ուժերի գերլարում, բարձր կարգապահություն, ռազմավարության հմտության և ինքնազոհության պատրաստակամություն: Մարտակերտում փոքրաթիվ ուժերով, բայց՝ արդյունավետ պաշտպանություն կազմակերպելուց հետո, հայկական ուժերը 1993թ. մարտի 27-ին, կանխարգելիչ հարվածներից և հրետանային նախապատրաստությունից հետո ձեռնարկեցին Քարվաճառի շրջանի հենակետերի վնասազերծման և Բերձորի շրջանի՝ հակառակորդի վերահսկողության տակ մնացած տարածքների ազատագրման ռազմական գործողությունը մի քանի ուղղություններով՝  Հյուսիսային՝ Օմարի ուղղությամբ հարձակումներն իրականացնում էին Նորայր Դանիելյանի հրամանատարությամբ գործող Մարտակերտի պաշտպանական շրջանի գումարտակները:

Ապրիլի 5-ին արդեն ամբողջ հայ ազգը ցնծում էր. հայկական զինված ուժերը դուրս էին եկել Օմարի լեռնանցք` այդպիսով ավարտին հասցնելով Արցախի միջնաբերդ Քարվաճառի ազատագրումը: Քարվաճառի ազատագրումը կենսական անհրաժեշտություն էր Արցախի հյուսիսի անվտանգությունն ապահովելու համար: Թշնամուն Քարվաճառից դուրս շպրտելու և ադրբեջանական կրակակետերը լռեցնելու գործողությունը ընթացավ  մարտի 27-ից ապրիլի 1-ը։

Արեւմտյան Հայաստանի այս հատվածը  2020-ի Նոյեմբերի 9-ից մինչեւ այսօր  գրավված է թուրք-ադրբեջանական ուժերի կողմից։